6 июн. 2012 г.

Եվրո-2012-ի թաքնված ֆավորիտները. Մաս-2` Իտալիա

Համաշխարհային ֆուտբոլի զարգացմանը զուգահեռ` յուրաքանչյուր խոշոր մրցաշար առաջ է քաշում իր նոր ֆավորիտներին: Ճիշտ է, դրանք հիմնականում կրկնվում են, և իրենցից ներկայացնում են խոշոր ֆուտբոլային տերությունները, որոնք իրենց զարգացման որոշակի շրջանում և ունեցած ֆուտբոլային սերնդի որոշակի կազմի պայմաններում հավակնում են դառնալ լավագույնը:  Սակայն կա մեկ թիմ, որը համարյա ոչ մի մրցաշարում նախապես չի համարվում լուրջ ֆավորիտ, չնայած նրանք կիսաեզրափակիչների և եզրափակիչների հաճախակի հյուրեր են, թեկուզ և չսպասված: Խոսքը Իտալիայի հավաքականի մասին է, որը Լեհաստան է մեկնում խնդիրների մեծ ճամպրուկով և հերթական կոռուպցիոն սկանդալը հետաքննող ոստիկանների ձայնաազդանշանների ներքո:
Փորձենք հասկանալ Իտալիայի հավաքականին ինչը կարող է բերել հաջողություն, և ինչը հատկապես վանում է այդ հաջողությունը նրանցից.
Ուժեղ կողմեր.
1. Իտալիայի հավաքականի առաջին և կարևորագույն ուժեղ կողմը հենց մրցաշարի ընթացքում որպես ֆավորիտ աճելու հատկությունն է: Որպես կանոն, այս հավաքականը շատ թույլ ու ցրված է խաղում խոշոր մրցաշարերի խմբային փուլերում, բայց արդեն փլեյ-օֆֆի խաղերին վերաճում է հզոր թիմի և հասնում բաղձալի գավաթներին: Այդպես է եղել 1982թ. աշխարհի առաջնության ժամանակ, այդպես եղավ նաև 2006-ին: Այս հավաքականը նույնպես ունի այդ ներուժը. խաղացողները ունակ են դա անել, իսկ մարզիչը կտա նրանց այդ ազատությունը: Հավաքականն ունի նաև առաջնորդներ, որոնք կտանեն մյուսներին իրենց հետևից. Բուֆոն, Դե Ռոսսի, Պիռլո, ինչու չէ, նաև Կիելինի և Կասսանո:


2. Վերը նշված առավելությունները վերցնելով որպես հիմնաքար` Պրանդելլին վերջին երկու տարիներին փորձել է բոլորին /այդ թվում նաև ինքն իրեն/ ցույց տալ, որ ինքը լուծել է մինչ այդ թիմում առկա խնդիրները: Մարզչի գլխավոր հիմնավորումը, իհարկե, որակավորման փուլում Իտալիայի հավաքականի սահուն ու վստահ ընթացքն է, որին, թերևս, պետք է լուրջ մոտենալ: Այս հաջողությունը սերնդափոխություն ապրող թիմի համար ակնհայտ օրինաչափություն չէ, այլ որոշակի ձեռքբերում, որը կարելի է վերագրել հենց մարզչին: Պրանդելլին ոչ միայն հավաքել է նոր թիմ, այլ կառուցել է նաև որոշակի մարտավարական մոդել, որը դասական իտալականի կրկնօրինակը չէ բնավ, այլ ունի առավել հարձակողական թիմի որոշակի տարրեր: Բացի այդ մարզիչը թիմում բարելավել է մթնոլորտը, ստեղծել է էթիկական ուղեցույց, որին պարտավոր է հետևել հավաքականի յուրաքանչյուր խաղացող: Դրա արդյունքն էլ հենց այն է, որ հարձակման գծի երկու առաջատարները` Կասսանոն և Բալոտելին, Պրանդելիի որոք դեռ ոչ մի սկանդալ չեն սարքել: Մարզչական աշխատանքը և որոշ հանգամանքների առկայությունը ապահովում են անհրաժեշտ պայմաններ` մեր նշած առաջին ուժեղ կողմի գործարկման համար, իսկ թե ինչքանով այն կգործարկվի, կտեսնենք շուտով:

Թույլ կողմեր.
1. Կադրային խնդիրներ: Պետք է նշել, որ կադրային խնդիրներ ունի ոչ թե Իտալիայի հավաքականը, այլ «ողջ» Իտալիան, քանի որ Պրանդելլին տարբեր խաղային դիրքերի համար իրոք ուներ շատ նեղ ընտրություն: Խնդիրը ամենավառ կերպով արտահայտվեց հարձակման գծում, որտեղ երկու հիմնական խաղացողները` Ռոսսին և Կասսանոն վնասվածքներ ստացան, և նրանց արժանի փոխարինողներ գործնականում չկային: Ի ուրախություն մարզչի, Կասսանոն հասցրեց վերականգնվել: Բայց դեռ հարց է` ինչքանով կստացվի Կասսանոյի և Բալոտելլիի համատեղ խաղը առջևի գծում: Պաշտպանությունում նույնպես խնդիրները շատ են: Կոռուպցիոն սկանդալի պատճառով հավաքականը լքեց Կրիշիտոն, իսկ Անդրեա Բարցալիի մասնակցությունն էլ հարցականի տակ է: Այստեղ էլ ողջ բեռը մնում է Կիելինիի վրա: Ռուսների հետ խաղը ցույց տվեց, որ պաշտպանությունում իտալացիներին պետք է խաղի կազմակերպիչ, որը կարելի է լինել միայն Կիելինին: Բացի այդ, նույն ռուսների հետ խաղում պաշտպանական խնդիրները առավելապես անհատական էին, այլ ոչ տակտիկական, ինչը ևս փաստում է կադրային խնդիրների մասին: Դարպասում Բուֆոնը ոչ մի կասկած չի հարուցում, սակայն ցավալիորեն կասկած է հարուցում նրա մասնակցությունը մրցաշարին: Այս ամենի հետ եթե վերցնենք Իտալիան որպես թիմ, եթե փորձենք հասկանալ այն խաղը, որը պետք է խաղա Պրանդելիի թիմը, ապա այն ամբողջովին հիմնված է Պիրլոյի վրա: Արդյունքում` խաղաց Պիրլոն, կխաղա նաև Իտալիայի հավաքականը, իսկ եթե ոչ` ուրեմն ոչինչ էլ չի ստացվի:


2. Ստեղծված ծանր իրավիճակը, որի պայմաններում իտալացիները դուրս են գալու խաղադաշտ: Եվ եկեք նկատենք, որ սա 2006-ի այն փորձառու իտալացիները չէին, որ կարող էին սառնասիրտ գտնվել և գնալ դեպի իրենց երազանքը, երբ նույն ժամանակահատվածում իրենց ազգային ֆուտբոլը գլորվում էր «Կալչիոպոլի» կոչվող անդունդը: Լեհաստանում դաշտ են դուրս գալու խաղացողներ, ովքեր նոր են փորձելու կերտել ֆուտբոլային պատմություն իրենց երկրի համար, և այս տեսակետից իրենց կարող է խանգարել թե կոռուպցիոն աղմուկը, թե լրագրողների ու քննադատների ճնշումը, և թե երկրպագուների սպասումները: Կարող է խանգարել նաև Պրանդելիի «բաց» կեցվածքը... Առավել իրավացի լինելու համար պետք է ասել, որ իտալացիներին այս տարի կարող է խանգարել ճանապարհին հանդիպող ցանկացած դժվարություն, քանի որ այս թիմը իրականում խոցելի է:


Իտալացի երկրպագուները, չցանկանալով խորանալ այս խնդիրների մեջ, ուղղակի հիշում են 2006-ը, երբ հավաքականը աշխարհի գավաթը գտավ և բարձրացրեց հենց «Կալչոպոլիի» կեղտի միջից: Իսկ պատմությունը սովոր է կրկնվելու, իտալացիները դա լավ գիտեն...




Read more »

5 июн. 2012 г.

Եվրո-2012-ի թաքնված ֆավորիտները. Մաս 1` Անգլիա

Եվրո-2012-ից օրեր առաջ մրցաշարի հիմնական ֆավորիտների թվում առավել շատ հայտնվում են երեք հավաքականների անուններ` Իսպանիա, Հոլանդիա և Գերմանիա: Ֆավորիտների այս ցանկը շատ իրատեսական է` հաշվի առնելով վերջին աշխարհի առաջնության արդյունքները և մյուս թիմերի ներկայիս վիճակը: Մյուս կողմից Եվրոպայի առաջնությունը այն մրցաշարն է, որտեղ հրաշքներ իրոք լինում են, և մյուս բոլոր թիմերն էլ ջանք չեն խնայի կրկնելու Դանիայի և Հունաստանի հավաքականների սխրագործությունները: Սակայն պետք է նկատել, որ սխրագործությունները կանխատեսել գրեթե անհնար է, իսկ ավելի իրատեսական է գնահատել ու հասկանալ այն հավաքականների շանսերը, որոնք գլխավոր ֆավորիտների թիկունքում ունեն լուրջ հավակնություններ և հույսեր: Այդ հավաքականների թվին կարելի է դասել Անգլիայի, Իտալիայի և Ֆրանսիայի հավաքականները, որոնք ունեն ֆուտբոլային պատմություն ու փորձ և ունեն հիմնականում նոր կազմ` հետևաբար` հաղթանակի մեծ ծարավ:
Այսպիսով` Անգլիայի, Իտալիայի և Ֆրանսիայի հավաքականների 2 ուժեղ և 2 թույլ կողմերը Եվրո-2012-ում.

Մաս 1. Անգլիայի հավաքական. 
Ուժեղ կողմեր.
1. Զարմանալի է, բայց փաստ, որ Անգլիայի հավաքականը դեռ երբեք չի նվաճել Եվրոպայի գավաթը: Եվ ընդհանրապես, անգլիացիները հավաքականի մակարդակով առաջին ու վերջին լուրջ հաջողությունը գրանցել են հեռավոր 1966-ին: Չնայած դրան` Անգլիան համարյա միշտ ֆավորիտների թվում է: Իսկ գլխավոր խանգարող հանգամանքը, ինչպես շատերն են զգացել, ահռելի ճնշումն է հավաքականի ֆուտբոլիստների և մարզիչների վրա, որը գալիս է թե տաքարյուն անգլիացի երկրպագուներից, թե ամեն վայրկյան խայթելու պատրաստ լրագրողներից, և թե ԱՖՄ բավականին գոռոզ ղեկավարությունից: Այս ամենը միշտ կանգնեցրել է անգլիացիներին ինչ-որ մի պահի, և առավել հաճախ` մրցաշարերի փլեյ-օֆֆ փուլերի ժամանակ, երբ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը հանգիստ նյարդեր: Իսկ ինչ ենք տեսնում այս տարի.. Անգլիացիները պարզապես հասկացան, որ թիմից, որը մինչև վերջերս չուներ ոչ ավագ, և ոչ էլ գլխավոր մարզիչ, դժվար է լուրջ հաջողությունների սպասել այս մրցաշարում: Բացի այդ, անգլիացիները նաև հասկացան, որ հենց իրենք են մեղավոր, որ թիմը մինչև վերջերս չուներ ոչ ավագ, և ոչ էլ գլխավոր մարզիչ: Հասարակական ճնշումը երեք առյուծների վրա այս տարի նվազագույնն է վերջին մի քանի տասնյակ տարիների համեմատ, և հույս է առաջանում, որ այս պայմաններում անգլիացիները վերջապես կկարողանան ցույց տալ այն ամենը, ինչի ունակ են իրականում:



2. Ուժեղ ու չգնահատված անհատները: Այսօր արդեն Անգլիայի հավաքականը ունի և նոր ավագ, և նոր մարզիչ: Նրանք երկուսն էլ բավականին ուժեղ անհատներ են, և ունակ են շատ բան փոխելու: Նրանց շարքին պետք է ավելացնել ևս երկու ֆուտբոլիստների` Ջոն Տերի և Ուեյն Ռունի: Հավաքականի ներկայիս կազմում նրանք անկասկած առաջատարներ են, և ունակ են արդյունք ստեղծել, կառուցել ամուր կոլեկտիվ և արդյունավետ խաղ: Պետք չէ նաև մոռանալ, որ այս ֆուտբոլիստների համար սա երևի վերջին հնարավորությունն է` հաղթանակի հասնել հավաքականի մակարդակով, ինչին իրենք, կարծում եմ, արժանի են: Մոբիլիզացնելով և համակարգելով երիտասարդներին, այս ֆուտբոլիստները և մարզիչը կարող են հասնել բավականին լուրջ հաջողությունների: Այս ամենին գումարենք նաև այն հանգամանքը, որ Դեվիդ Սիմենի հեռանալուց հետո առաջին անգամ անգլիացիները չունեն դարպասապահի խնդիր: Ջո Հարթը փակել է այս հարցը, չնայած Ռոբերտ Գրինը նույնպես անհրաժեշտության դեպքում կարող է առանց խնդիրների փոխարինել նրան:


Թույլ կողմեր.
1. Քիչ առաջ նշեցինք մի քանի ֆուտբոլիստներ, որոնք կարող են հաջողություն բերել Անգլիայի հավաքականին: Այստեղ կա մի բայց: Ի՞նչ է լինելու այն դեպքում, երբ այս ֆուտբոլիստները վնասվածք ստանան: Այս խաղացողներից յուրաքանչյուրի կորուստը կբերի խաղային տվյալ օղակի կորստի: Առանց Տերիի Անգլիան չի ունենա պաշտպանություն, որի ամրությունը առանց այն էլ կասկածի տակ է Քեյհիլի վնասվածքից և Ֆերդինանտին հավաքական չհրավիրելուց հետո: Առանց Ջերարդի կիսապաշտպանությունը կմնա առանց ուղեղի, և չկա որևէ մեկը, որ կկարողանա ղեկը վերցնել իր ձեռքը: Վերջապես, հարձակման գծում, որը առանց այն էլ առաջին երկու խաղերն անցկացնելու է առանց Ռունիի, նույնպես չկա հուսալի մեկը: Անգլիայի առաջին խնդիրը առանձին ֆուտբոլիստներից կախվածության վերացումն է, որը Հոջսոնը կկարողանա անել միայն Եվրոյից հետո, իսկ մինչ այդ պետք է հուսալ, որ այս ֆուտբոլիստները ուղղակի վնասվածքներ չեն ստանա:


2. Ռոյ Հոջսոնը ժամանակ չունի թիմում ներդնելու իր տակտիկան: Բնականաբար, այս մի քանի շաբաթները բավարար չեն ստեղծելու տակտիկապես հզոր թիմ, որտեղ ամեն մեկը հստակ կպատկերացնի իր խնդիրը և կկարողանա քիչ թե շատ լուծել այն: Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ Հոջսոնը չի կարող շարունակել շարժվել թիմի նախկին տակտիկայով, քանի որ իտալացի մարզչի տակտիկական մոտեցումները էապես տարբերվում են ներկայիս մարզչի ֆուտբոլային պատկերացումներից: Ընկերական երկու խաղերն էլ ցույց տվեցին, որ ֆուտբոլիստների համար անորոշ է խաղային այն մոդելը, որով իրենք փորձելու են հաջողության հասնելո Եվրոյում: Այստեղ մնում է հուսալ, որ Անգլիան որպես թիմ կձևավորվի արդեն մրցաշարի ընթացքում, և շարունակաբար ավելացնելով կկարողանա փլեյ-օֆֆ հասնել որպես կայացած թիմ:


Հուսալ կարելի է և պետք է միշտ, սակայն հույսը իր մեջ վերոնշյալ խնդիրների լուծումը չունի: Մնում է միայն հետևել, թե այդ խնդիրները արդյո՞ք կկարողանան մարել հույսը անգլիացի երկրպագուների աչքերում...




Read more »

1 июн. 2012 г.

Հայաստան 0-1 Հունաստան. Դասեր ապագայի համար

Եթե Հունաստանը, որպես պետություն, տնտեսական խնդիրների և աղքատության զոհ է դարձել միայն վերջին տարիներին, ապա Հունաստանի հավաքականը, զուտ ֆուտբոլային իմաստով, աղքատիկ է եղել միշտ` նույնիսկ 2004-ի չեմպիոնական Եվրոյի ժամանակ: Եվ հարց է ծագում, թե ինչու՞ մերոնք իրենց ֆուտբոլային հարստությունը գործի չդրեցին հենց առաջին րոպեներից...
Լուսանկարը` armsport.am-ի
Թող ամենևին տպավորություն չստեղծվի, թե Հունաստանը իր աղքատիկ ֆուտբոլով թույլ հավաքական է: Այն իրականում շատ փորձառու, մարտունակ և պրոֆեսիոնալ թիմ է: Սակայն մի բան հստակ է. Հունաստանը յուրաքանչյուր խաղում սպասում է, թե ինչ թույլ կտա իրեն անել մրցակիցը: Հունաստանի առաջին րոպեների ակտիվությունը պարզունակ խայծ էր, և հույները, չզգալով դիմադրություն, վարպետորեն «սպասեցին», թե ինչքան են հայերը իրենց թույլ տալու գրոհել: Դժբախտաբար մերոնք թույլ տվեցին դա անել մինչև գոլը, և նույնիսկ մի փոքր էլ ավել:
Read more »

30 мая 2012 г.

Թե ինչու Իսպանիայի հավաքականը չի հավակնում չեմպիոնության Եվրո 2012-ում

Հերթական Եվրոյից առաջ, սպասելի էր, որ Իսպանիայի հավաքականի` ամենայն հավանականությամբ գենդերային անհավասարությամբ աչքի ընկնող երկրպագուների մեծ բանակը, որը կրկնապատկվեց կամ միքանիպատկվեց վերջին տարիներին, սկսելու էր բարձրաձայնել իրենց թիմի հերթական չեմպիոնության հեռանկարի մասին: Փորձել եմ հիասթափեցնել նրանց.

3 պատճառ, թե ինչու Իսպանիայի հավաքականը չի հավակնում չեմպիոնության.
1. Առաջինը շատ մարդկային ու շատ ըմբեռնելի պատճառ է, որը կոչվում է մոտիվացիայի բացակայություն: Հաշվի առնելով ստեղծարար խաղացողների հիմնական առանցքը /Չավի, Ինիեստա, Ֆաբրեգաս/, և հաշվի առնելով նրանց ակումբային պատկանելությունը, հիշելով նաև նմանատիպ երևույթը Բարսայում, կարելի հասկանալ, որ քիչ են այն մոտիվները, որոնք կստիպեն իսպանացիներին արդեն ունեցած Եվրոպայի գավաթից ևս մեկ հատ վաստակել` ընդ որում առավել փառահեղ Աշխարհի գավաթից հետո: Ի վերջո դժվար է հերոսներին համոզել վերահերոսանալ: Իսպանիայի հավաքականում երևի սպասում էին նոր դեմքերի մեծ քանակի, որոնք ունեն նվաճումների ծարավ, և ունենալով հզոր հիմք` մի քանի փորձառու խաղացողների տեսքով, գուցե և փորձեին փառավորվել: Եվ չնայած Դել Բոսկեն նոր տաղանդավոր ֆուտբոլիստների բավականին մեծ ընտրություն ուներ, նա հիմնականում նախընտրեց չեմպիոնական կազմը: Երևի Դել Բոսկեի մոտ նույնպես բացակայում է մոտիվացիան, ինչը լրիվ նորմալ կհամարվի: Ուղղակի նման պայմաններում հարց է, թե ինչու նա երկարաժամկետ պայմանագիտ կորզեց Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից: Գուցե նոր մարզիչը, որը կունենար անհրաժեշտ մոտիվացիան, այն փոխանցեր նաև թիմին, և այս հարցը փակվեր:
2. Իսպանիան ակնհայտ խնդիրներ ունի առջևի գծում: Վիլյայի կորուստը իրոք շատ մեծ հարված է չեմպիոնների համար, հատկապես այս շրջանում, երբ Տոռեսը խնդիրներ ունի ինքն իրեն հետ, իսկ մյուս հարձակվողներն էլ` ի դեմս Նեգրեդոյի և Պեդրոյի, հազիվ թե կարող են մեծ հաղթանակներ կերտելու հավակնություններ ունենալ: Մյուս երկու հարձակվողներից Խուան Մատան մեծ վերապահումներով է հարձակվող, նա ամեն դեպքում ավելի խորքից է գործում, և արդյունքում ստանում ենք հույսի մի մեծ բեռ Ֆերնանդո Լիորենտեի վրա: Իսպանիայի խնդիրները հարձակման գծում նոր չեն, դեռ աշխարհի հաղթական առաջնության ժամանակ Իսպանիան ամբողջ փլեյ-օֆֆը անցավ 1-0 հաշվով, ընդ որում այդ մեկ գոլը նույնիսկ երբեմն բաժին չէր հասնում հարձակվողներին: Թե որքանով է Դել Բոսկեն լուծում գտել խնդրին, դեռ կտեսնենք:
3. Վերջին պատճառը, որով Իսպանիան չի դառնա Եվրոպայի չեմպիոն, պայմանականորեն անվանենք ֆուտբոլի զարգացման կանոն: Հարցն այն է, որ դեռ երբեք ոչ մի թիմի չի հաջողվել երկու անգամ անընդմեջ հաղթել Եվրոպայի առաջնությունում, և ավելին, չի պատահել, որ Եվրոպայի և Աշխարհի գավաթները նվաճելուց հետո նվաճի դրանցից մեկը ևս մեկ անգամ: Խնդիրն այն է, որ ֆուտբոլը գտնվում է զարգացման մեջ, և եթե Իսպանիան այս տարի էլ հաղթի, կարելի է փաստել համաշխարհային ֆուտբոլի լճացման և խորը ճգնաժամի մասին: Իսկ դրա նախադրյալները ոչ մի կերպ չեն երևում, թեկուզ ակումբային ֆուտբոլի մակարդակով: Եթե մեկ-երկու տարի առաջ Բարսելոնան ինչ-որ կերպ դրա իլուզիան էր ստեղծել, ապա այս տարի դա ջախջախվեց, և ակնհայտ է, որ ֆուտբոլի զարգացման հետ գալիս են նոր հերոսների ժամանակները:
Եվրոպան կունենա նոր չեմպիոն, կունենա նոր հերոսներ:



Read more »

24 апр. 2012 г.

Բարսելոնայի դեմոտիվացիայի մասին

Ռեալը վերջապես հաղթեց Բարսելոնին: Հաղթեց խաղով ու խաղային բազմաթիվ ասպեկտներով: Դժվար է թերագնահատել Մորուրինյոյի դերը, սակայն հետաքրքիր է նկատել, որ նա այդպես էլ Ռեալի հետ չկարողացավ հաղթել այն Բարսելոնային, որին մենք տեսնում էին նախորդ 2-3 տարիներին, որին սպասում էինք տեսնել վերջին խաղում, սակայն որին այլևս երբեք չենք տեսնի...

Ու խնդիրը այն չէ, որ մենք այլևս Բարսայի մեկնարկային կազմում չենք տեսնում վաղուց հարազատ դարձած անուններ, այլ տեսնում են Տիագո Ալկանտարա, Կուենկա կամ Տելյո, որոնց անունները չգիտենք էլ ինչպես գրել հայերեն: Գուարդյոլային մեղադրել պետք չէ նրանց հարցում: Այո, նրանք դեռ շատ առումներով են զիջում, բայց նրանք ունեն շատ կարևոր առավելություն` մոտիվացիա: Նրանք դեռ չունեն մեդալների ու գավաթների այն տեսականին, որով լցված են Չավիի կամ Պույոլի համապատասխան սրահները, ու ոչ էլ թվերի այն մեծ բազմությունը, որով փորձում են արտահայտել Մեսսիի ռեկորդները: Նրանց համար ամեն հնարավոր հաղթանակ նոր երևույթ է կյանքում, որն էլ նրանց գլխավոր առավելությունն է:

Դեռ մրցաշրջանի սկզբում էր ենթադրելի, որ Բարսան մոտիվացիայի խնդիր է ունենալու: Շատ դժվար է հասկանալ, թե ինչն է առաջ մղելու Բարսայի հերոսներին նվաճելու այն, ինչից նրանք արդեն լիքը ունեն, ու չի էլ երևում որևէ լուրջ ուժ, որը կփորձի հետ պահել նրանց դրանցից: Խաղացողների զգալի մասը աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ են, իսկ ակումբային տիտղոսների մասին խոսելը իմաստ էլ չունի: Այսինքն ակնհայտ էր, որ թե թիմային, և թե անհատական տիտղոսների տեսակետից կատալոնացիներին ինչ-որ բանով գայթակղել շատ դժվար էր:

Ֆուտբոլային գաղափարախոսության տեսակետից էլ ամեն ինչ ավարտին էր հասել: Բարսան կարողացավ ստեղծել ֆուտբոլային մի ուրույն ոճ, որը գեղեցիկ էր և արդյունավետ: Չափազանց գեղեցիկ էր և չափազանց արդյունավետ: Այն մտավ ֆուտբոլի պատմության մեջ, ու դեռ ճանապարհ ունի անցնելու, հղկվելու, կատարելագործվելու... բայց հղկվելու և կատարելագործվելու է այն պայքարի մեջ, պայքար, որը, ամեն դեպքում, չկար..


Նման պայմաններում թիմը անցկացրեց ողջ մրցաշրջանը: Ամենադժվար գործը, իհարկե, բաժին ընկավ Գուարդյոլային. մոտիվացնել խաղացողների` չառաջարկելով նրանց ոչ մի նոր բան, այն դեպքում, երբ մարզիչը ինքը մոտիվացման կարիք ուներ: Ալեքսիսի և Սեսկի հայտնվելը որոշակիորեն կարգավորելու էր վիճակը, սակայն դա քիչ էր: Գուարդյոլան իրավացիորեն սկսեց ելքը փնտրել Կանտերայում: Այս երիտասարդների մոտ, ընդհակառակը, միակ հատկանիշը, որով նրանք գերազանցում են բոլորին, դա մոտիվացիան է: Կարևոր էր նաև մի շարք խաղացողների մոտ անհատական մոտիվացիաների առաջացումը, որը, փաստորեն ստացվեց միայն Մեսսիի մոտ. նա շարունակում է ուռճացնել ռեկորդային թվերը, ու բացի այդ նա դեռ պետք է պահպանի իր լավագույն որակները, մինչև 2014-ը, երբ կունենա հերթական հնարավորությունը հասնելու ֆուտբոլի իսկական լեգենդներին` դառնալով նաև աշխարհի չեմպիոն:

Խաղային մոտիվացիայի պահպանման առումով Գուարդյոլան նախ փորձեց կատարելագործել գնդակի խաղարկման սխեմաները հատկապես ստանդարտ դիրքերի ժամանակ: Մյուս մոտեցումը Բարսայի էկոնոմ-ռեժիմի գաղափարն էր, որ տեսնում էինք վերջին խաղերին` 2 գոլի տարբերությամբ հաղթանակներ առանց մեծ ջանքերի: Սակայն եթե առջևի գծում նոր խաղացողների ակտիվությունը, տակտիկական նոր մտահաղացումները և ստեղծարար խաղից ֆուտբոլիստների բավարարվածությունը պահպանում էր խաղային նախկին մակարդակը, ապա պաշտպանությունում, համաձայնվեք, շատ դժվար է հասկանալ, թե ինչը կարող է մոտիվացնել խաղացողներին: Արդյունքում պաշտպանությունը դանդաղ ուննկատ սկսեց ժանգոտվել...

Իսկ ամենավատն այն էր, որ Կլասիկոն էլ է կորցրել իր մոտիվացիոն ուժը Բարսայի համար: Խաղի ժամանակ էլ երևում էր, որ ոչ մեկն էլ չէին վառվում հին կրակով: Մի բան, որով Ռեակը շիկացած էր այսքան պարտություններից հետո:



Պետք է նշել նաև, որ այս վիճակը դեռ չի ենթադրում, որ Բարսան կտապալի նաև Չեմպիոնների լիգան: Կարծում եմ մրցաշարի հեղինակությունը թույլ չի տա սպանել նաև այդ մոտիվացիան, և այս հրաշագեղ Բարսայի հրաժեշտը մենք կտոնենք ինչպես որ պետք է: Բայց այն ամեն դեպքում կլինի հրաժեշտ, որովհետև մյուս մրցաշրջանում մենք հաստատ ուրիշ Բարսա ենք տեսնելու.. Ուրիշ Բարսա, բայց միևնույն է, Բարսա, որը ավելին է քան ակումբ...

Visqa el Barca!!!



Read more »

3 мар. 2012 г.

20 տարօրինակ հարցեր, որ տալիս են աշխատանքի ընդունելիս

աշխատանքային հարցազրույց
Հոգնած նախորդ աշխատանքից, կամ ընդհանրապես, որպես առաջին փորձ` պատրաստվում եք աշխատանքի ընդունվելու հարցազրույցի: Ինչքան հնարավոր ծանոթներ կա` ճշտել եք, թե մոտավորապես ինչ հարցեր են տալու, բոլորից ստացել նույնանման անհետաքրքիր պատասխաններ, ու ինքներդ էլ պատրաստել եք անհետաքրքիր պատասխաններ այդ անհետաքրքիր հարցերի համար: Փորձում եք պատրաստ լինել բոլոր հարցերին, ինչքան էլ դրանք տարօրինակ ու անսպասելի լինեն: Սակայն եթե դուք փորձում եք աշխատանքի ընդունվել ասենք Google-ում, այս ամենը լրիվ իզուր է: Google-ը, ինչպես և հեղինակավոր շատ այլ ընկերություններ աչքի են ընկնում դիմորդներին տրված ամենատարօրինակ հարցերով, որոնք կարող են շփոթության մեջ գցել նույնիսկ պրոֆեսիոնալներին: Աշխատանք գտնելու հայտնի glassdoor.com կայքը առանձնացրել է այդպիսի հարցերի լավագույն 20-յակը:
Այսպիսով` թոփ 20 տարօրինակ հարցեր, որ տալիս են աշխատանքի ընդունելիս.
Read more »

2 мар. 2012 г.

Գուշակեք հայտնի ֆիլմերը

Սեղմիր նկարի վրա` մեծացնելու համար

Այս նկարում պատկերված են ավելի քան 20 հայտնի ֆիլմեր: Փորձեք գուշակել դրանք:
Read more »

27 февр. 2012 г.

Հայաստանը 90-ականների սկզբին /ֆոտոշարք/

Ամերիկացի լուսանկարիչ Ջերրի Բերնտդը 1990-ական թվականների սկզբին հետևել է նորանկախ Հայաստանի առաջին քայլերին: «Մութ ու ցուրտ» տարիները` նրա լուսանկարներում.

Read more »

14 февр. 2012 г.

Ինչպես հաղթել Սբ. Վալենտինին

Էսօր ձևավորված տենդենցի /ոչ ավանդույթի/ համաձայն շատերը յանի թե տոնում են Սբ. Վալենտինի տոնը, իրար բացիկներ ուղարկում, նկարներ ավելացնում սոցցանցերում, նշում դրանց վրա իրենց սիրելիներին ու այլևայլ շատ զիզիբիզի բաներով հրճվում:Մեկ այլ տենդենցի համաձայն` մյուսներն էլ աղաղակում, որ պետք չէ նժել օտար տոնը, քանի որ կա մերը` Սբ. Սարգիսը: Ինչպես հասկացաք` ես հետևում եմ երկրորդ տենդենցին :Ճ
Ամեն դեպքում` ինչու մեր զորավոր զորավար Սբ. Սարգիսը չի կարողանում ազատել հայ երիտասարդությանը օտար լծից: Ինչ անել օտար տոներից ազատվելու և մեր տոները առավել մասսայական դարձնելու համար: Փորձեմ կատարել փոքրիկ վերլուծություն:
Այսպիսով, ինչն է խանգարում Սբ. Սարգիս զորավարի տոնին` առավել տարածված ու սիրված դառնալու հայ երիտասարդների շրջանում.
Read more »

6 февр. 2012 г.

Ֆեյսբուքի 5 օգտակար ֆունկցիաներ

Ֆեյսբուքը փոփոխվում է շատ արագ, էնքան արագ, որ շատ բաներ չենք էլ հասցնում նկատել` ինչպես հայտնվեց կամ ինչպես անհետացավ: Ֆեյսբուքի էվոլուցիան շարունակվում է, ու նրա կարևոր փուլերից մեկը Facebook Timeline-ի ստեղծումն էր, որը բազմաթիվ նոր լուծումներ առաջարկեց և նաև շատ փոփոխություններ բերեց իր հետ: Իսկ փոփոխություններից հետ մնալ, կարծում եմ, ոչ ոչ էլ չի ցանկանում:

Առաջարկում եմ ծանոթանալ Ֆեյսբուքի մի քանի ֆունկցիաների.
1. Ինչպես վերականգնել Ֆեյսբուք հաշիվը.
    ա/ եթե Ձեր հաշիվը անջատվել է կամ արգելափակվել, ապա պետք է լրացնել հետևյալ հայտաձևը,
    բ/ եթե Ձեր հաշիվը սխալմամբ հեռացվել է կամ ենթարկվել է հարձակման /ջարդվել է :Ճ/, ապա պետք է լրացնել հետևյալ հայտաձևը:
2. Ինչպես հեռացնել Ticker-ը.
Read more »

25 янв. 2012 г.

Տեղեկատվության մշակման փուլերը հայկական սոցցանցերում

Ի ուրախություն բոլորիս` վերջերս հասարակական (չեմ ուզում գրել, բայց` նաև քաղաքական) նշանակության կարևոր իրադարձությունները ակտիվորեն քննարկվում են սոցիալական ցանցերում: Որոշ դեպքերում ակտիվությունը շատ մեծ է, դե երբ իրադարձությունն էլ առավել նշանակալի է ու մասշտաբային: Երեկ երեկոյան Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին որոշման ընդունումն էլ այդպիսիներից էր, ու այն թույլ տվեց կոնկրետացնել իմ այս պոստի նյութը: Այսպիսով`փորձեմ ներկայացնել, թե մշակման ու վերարտադրման ինչ փուլեր է անցնում հասարակական մեծ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը հայկական սոցիալական ցանցերում: Ձևակերպումը բավականին բարդ ստացվեց, բայց, հուսով եմ, ես դեռ հասկանում եմ, թե ինչի մասին եմ խոսում :Ճ Գնացինք.
Read more »