7 июл. 2012 г.

Տասնամյա մանչուկի ընտրությունը

Եվրո-2012-ը անցյալում է արդեն, հիմա բոլորն արդեն պատրաստվում են օլիմպիական խաղերին: Սակայն եզրափակիչից միայն 6 օր անց, ցանկանում եմ խոսել առաջնության մասին: Դե բնական է, ես Իտալիայի հավաքականի երկրպագու եմ, ու եզրափակիչի հաջորդ օրը դժվար թե էմոցիաներից զուրկ և իրականությանը մոտ ինչ-որ բան գրեի: Ակնհայտ է միայն մի բան` Իտալիան արժանի չէր այդ հաշվին: Երևի աշխարհում չգտնվի մեկը, որ չհամաձայնվի...
Ես էլ կհամաձայնվեմ, որ Իսպանիան այդ խաղում իրոք ուժեղ էր Իտալիայից: Առաջին հերթին ուժեղ էր իր փորձի հաշվին` թե խաղացողների, թե մարզչի: Բեղավոր ծերունին ուղղակի խաբեց ռոմանտիկ Պրանդելիին: Իտալացիները պատրաստվել էին խաղալու ձանձրալի Իսպանիայի դեմ, այնինչ դել Բոսկեն որոշել էր հետ տալ ժապավենը և մի քանի կադր ցուցադրել երբեմնի խելահեղ ֆուրիայից: Իտալացիները ուղղակի կորցրեցին խաղը, և փրկել կարող էր միայն Պրանդելլին: Ընդմիջումից հետո փորձերը եղան, սակայն եթե մնացած ժամանակը գուցե և բավականացներ, մնացած խաղացողները Մոտտայի կորստից հետո ակնհայտորեն քիչ էին: Խաղի հետագա զարգացումները զուտ տրամաբանական շարունակություն և ավարտ էին:


Իտալիային իրականում շատ բան պակասեց: Առաջնության ակզբում իտալացիների միակ հարաբերական առավելությունը Պիրլոն էր, ով բավականացրեց 4-4.5 խաղերի համար: Իտալացիներին պակասեց երևի ընդամենը մեկ ավելորդ հանգստյան օր, որը թույլ կտար վերականգնել ուժերը: Իտալացիներին պակասեց բարձրակարգ ֆուտբոլիստները, պակասեց մի քանի հնչեղ անուններ պահեստայինների նստարանին: Իտալացիներին պակասեց իտալացի Լիորենտե, որին Պրանդելին հաստատ կխաղացներ Բալոտելիի փոխարեն: Իտալացիներին պակասեց նաև երկրպագուների բանակը, դե, ինչ արած:
Այս ամենի հետ մեկտեղ, այս Իտալիան իրոք կարող էր հաղթել Իսպանիային:
Ինչևէ, գավաթը Իսպանիա է գնում/մնում, և պետք է հետևություններ անել:


Հետևություն 1. Միտում, որը իշխող է այսօրվա աշխարհում, և փաստորեն նաև այսօրվա ֆուտբոլում: Դա գաղափարի մոնետիզացումն է: Այսօր բոլոր նրանք, ովքեր ինչ-որ նոր բան են ստեղծում, ովքեր որևէ նոու-հաու են առաջարկում, որոշակի ժամանակ այն հասարակության հիացմունքին արժանացնելուց հետո ամեն կերպ փորձում են նրանից արդյունքներ ստանալ, ու շատ հաճախ աղավաղում են իրենց գաղափարը անճանաչելիության աստիճանի, միայն թե դա արդյունք ապահովի: Եվ եթե ժամանակակից աշխարհում արդյունքը դա փողն է, ֆուտբոլում էլ նույն տրամաբանությամբ գավաթն է: Մոնետիզացիա կամ Տրոֆիզացիա, սա է երևույթի անունը: Իսկ որ երևույթը տգեղ է, կարծում եմ, շատերը կողմ կլինեն: Այստեղից էլ մի ենթահետևություն, որ պետք չէ համեմատել Բարսելոնային Իսպանիայի հավաքականի հետ: Ի տարբերություն հավաքականի` Բարսելոնան մինչև վերջին մաքուր պահեց իր ֆուտբոլային նոու-հաուն, թեկուզ և այս տարի արդեն այն մեծ տիտղոսներ չբերեց:


Հետևություն 2. Այս առաջնությունը հենց իր առաջին օրերից սկսած անընդհատ նմանեցնում էի Եվրո-2000-ին: Այն ժամանակ, ես տասնամյա մանչուկ էի, և առաջին անգամ էի նայում մեծ ֆուտբոլ: Հենց այդ ժամանակ էլ փայլում էր Իտալիան, իր դրամատիկ հաղթանակներով և վերջին դրամատիկ պարտությամբ: Ես, տասնամյա մանչուկս, ընտրությունը կատարեցի աձուրիների կողմը: Չնայած Իտալիան ամենևին էլ հարձակողական ֆուտբոլ չէր խաղում, և ոչ էլ աչքի էր ընկնում վիճակագրական բարձր տվյալներով: Բայց այդ ֆուտբոլը խելահեղ էր, եթե հիշում եք օրինակ Հոլանդիայի դեմ խաղը, և թիմն էլ հերոսական էր: Այստեղից էլ հետևությունը` այսօրվա տասնամյա մանչուկը, ով առաջին անգամ էր ֆուտբոլ նայում, ու՞մ սկսեց երկրպագել Եվրոյի ընթացքում: Պատասխանը հստակորեն Իսպանիա չի լինի: Ոչ մի խելահեղ, ուրախ, տաք ռիթմ կարմիր ֆուրիան չցուցադրեց այս տարի: Իսկ Իտալիան և Պորտուգալիան իհարկե սիրվեցին շատերի կողմից: Շատերը գերվեցին պորտուգալական խաղով` շնորհիվ իրենց երկու կամային հաղթանակների և դիտարժան խաղի: Շատերը կհիշեն Իտալիայի հավաքականին և կդառնան աձուրիների երկրպագուներ: Եվ չէ որ կարևորը տասնամյա մանչուկի ընտրությունն է, այլ ոչ թե արդյունքը...





Read more »