6 июн. 2012 г.

Եվրո-2012-ի թաքնված ֆավորիտները. Մաս-2` Իտալիա

Համաշխարհային ֆուտբոլի զարգացմանը զուգահեռ` յուրաքանչյուր խոշոր մրցաշար առաջ է քաշում իր նոր ֆավորիտներին: Ճիշտ է, դրանք հիմնականում կրկնվում են, և իրենցից ներկայացնում են խոշոր ֆուտբոլային տերությունները, որոնք իրենց զարգացման որոշակի շրջանում և ունեցած ֆուտբոլային սերնդի որոշակի կազմի պայմաններում հավակնում են դառնալ լավագույնը:  Սակայն կա մեկ թիմ, որը համարյա ոչ մի մրցաշարում նախապես չի համարվում լուրջ ֆավորիտ, չնայած նրանք կիսաեզրափակիչների և եզրափակիչների հաճախակի հյուրեր են, թեկուզ և չսպասված: Խոսքը Իտալիայի հավաքականի մասին է, որը Լեհաստան է մեկնում խնդիրների մեծ ճամպրուկով և հերթական կոռուպցիոն սկանդալը հետաքննող ոստիկանների ձայնաազդանշանների ներքո:
Փորձենք հասկանալ Իտալիայի հավաքականին ինչը կարող է բերել հաջողություն, և ինչը հատկապես վանում է այդ հաջողությունը նրանցից.
Ուժեղ կողմեր.
1. Իտալիայի հավաքականի առաջին և կարևորագույն ուժեղ կողմը հենց մրցաշարի ընթացքում որպես ֆավորիտ աճելու հատկությունն է: Որպես կանոն, այս հավաքականը շատ թույլ ու ցրված է խաղում խոշոր մրցաշարերի խմբային փուլերում, բայց արդեն փլեյ-օֆֆի խաղերին վերաճում է հզոր թիմի և հասնում բաղձալի գավաթներին: Այդպես է եղել 1982թ. աշխարհի առաջնության ժամանակ, այդպես եղավ նաև 2006-ին: Այս հավաքականը նույնպես ունի այդ ներուժը. խաղացողները ունակ են դա անել, իսկ մարզիչը կտա նրանց այդ ազատությունը: Հավաքականն ունի նաև առաջնորդներ, որոնք կտանեն մյուսներին իրենց հետևից. Բուֆոն, Դե Ռոսսի, Պիռլո, ինչու չէ, նաև Կիելինի և Կասսանո:


2. Վերը նշված առավելությունները վերցնելով որպես հիմնաքար` Պրանդելլին վերջին երկու տարիներին փորձել է բոլորին /այդ թվում նաև ինքն իրեն/ ցույց տալ, որ ինքը լուծել է մինչ այդ թիմում առկա խնդիրները: Մարզչի գլխավոր հիմնավորումը, իհարկե, որակավորման փուլում Իտալիայի հավաքականի սահուն ու վստահ ընթացքն է, որին, թերևս, պետք է լուրջ մոտենալ: Այս հաջողությունը սերնդափոխություն ապրող թիմի համար ակնհայտ օրինաչափություն չէ, այլ որոշակի ձեռքբերում, որը կարելի է վերագրել հենց մարզչին: Պրանդելլին ոչ միայն հավաքել է նոր թիմ, այլ կառուցել է նաև որոշակի մարտավարական մոդել, որը դասական իտալականի կրկնօրինակը չէ բնավ, այլ ունի առավել հարձակողական թիմի որոշակի տարրեր: Բացի այդ մարզիչը թիմում բարելավել է մթնոլորտը, ստեղծել է էթիկական ուղեցույց, որին պարտավոր է հետևել հավաքականի յուրաքանչյուր խաղացող: Դրա արդյունքն էլ հենց այն է, որ հարձակման գծի երկու առաջատարները` Կասսանոն և Բալոտելին, Պրանդելիի որոք դեռ ոչ մի սկանդալ չեն սարքել: Մարզչական աշխատանքը և որոշ հանգամանքների առկայությունը ապահովում են անհրաժեշտ պայմաններ` մեր նշած առաջին ուժեղ կողմի գործարկման համար, իսկ թե ինչքանով այն կգործարկվի, կտեսնենք շուտով:

Թույլ կողմեր.
1. Կադրային խնդիրներ: Պետք է նշել, որ կադրային խնդիրներ ունի ոչ թե Իտալիայի հավաքականը, այլ «ողջ» Իտալիան, քանի որ Պրանդելլին տարբեր խաղային դիրքերի համար իրոք ուներ շատ նեղ ընտրություն: Խնդիրը ամենավառ կերպով արտահայտվեց հարձակման գծում, որտեղ երկու հիմնական խաղացողները` Ռոսսին և Կասսանոն վնասվածքներ ստացան, և նրանց արժանի փոխարինողներ գործնականում չկային: Ի ուրախություն մարզչի, Կասսանոն հասցրեց վերականգնվել: Բայց դեռ հարց է` ինչքանով կստացվի Կասսանոյի և Բալոտելլիի համատեղ խաղը առջևի գծում: Պաշտպանությունում նույնպես խնդիրները շատ են: Կոռուպցիոն սկանդալի պատճառով հավաքականը լքեց Կրիշիտոն, իսկ Անդրեա Բարցալիի մասնակցությունն էլ հարցականի տակ է: Այստեղ էլ ողջ բեռը մնում է Կիելինիի վրա: Ռուսների հետ խաղը ցույց տվեց, որ պաշտպանությունում իտալացիներին պետք է խաղի կազմակերպիչ, որը կարելի է լինել միայն Կիելինին: Բացի այդ, նույն ռուսների հետ խաղում պաշտպանական խնդիրները առավելապես անհատական էին, այլ ոչ տակտիկական, ինչը ևս փաստում է կադրային խնդիրների մասին: Դարպասում Բուֆոնը ոչ մի կասկած չի հարուցում, սակայն ցավալիորեն կասկած է հարուցում նրա մասնակցությունը մրցաշարին: Այս ամենի հետ եթե վերցնենք Իտալիան որպես թիմ, եթե փորձենք հասկանալ այն խաղը, որը պետք է խաղա Պրանդելիի թիմը, ապա այն ամբողջովին հիմնված է Պիրլոյի վրա: Արդյունքում` խաղաց Պիրլոն, կխաղա նաև Իտալիայի հավաքականը, իսկ եթե ոչ` ուրեմն ոչինչ էլ չի ստացվի:


2. Ստեղծված ծանր իրավիճակը, որի պայմաններում իտալացիները դուրս են գալու խաղադաշտ: Եվ եկեք նկատենք, որ սա 2006-ի այն փորձառու իտալացիները չէին, որ կարող էին սառնասիրտ գտնվել և գնալ դեպի իրենց երազանքը, երբ նույն ժամանակահատվածում իրենց ազգային ֆուտբոլը գլորվում էր «Կալչիոպոլի» կոչվող անդունդը: Լեհաստանում դաշտ են դուրս գալու խաղացողներ, ովքեր նոր են փորձելու կերտել ֆուտբոլային պատմություն իրենց երկրի համար, և այս տեսակետից իրենց կարող է խանգարել թե կոռուպցիոն աղմուկը, թե լրագրողների ու քննադատների ճնշումը, և թե երկրպագուների սպասումները: Կարող է խանգարել նաև Պրանդելիի «բաց» կեցվածքը... Առավել իրավացի լինելու համար պետք է ասել, որ իտալացիներին այս տարի կարող է խանգարել ճանապարհին հանդիպող ցանկացած դժվարություն, քանի որ այս թիմը իրականում խոցելի է:


Իտալացի երկրպագուները, չցանկանալով խորանալ այս խնդիրների մեջ, ուղղակի հիշում են 2006-ը, երբ հավաքականը աշխարհի գավաթը գտավ և բարձրացրեց հենց «Կալչոպոլիի» կեղտի միջից: Իսկ պատմությունը սովոր է կրկնվելու, իտալացիները դա լավ գիտեն...




0 comments:

Отправить комментарий