1 июн. 2012 г.

Հայաստան 0-1 Հունաստան. Դասեր ապագայի համար

Եթե Հունաստանը, որպես պետություն, տնտեսական խնդիրների և աղքատության զոհ է դարձել միայն վերջին տարիներին, ապա Հունաստանի հավաքականը, զուտ ֆուտբոլային իմաստով, աղքատիկ է եղել միշտ` նույնիսկ 2004-ի չեմպիոնական Եվրոյի ժամանակ: Եվ հարց է ծագում, թե ինչու՞ մերոնք իրենց ֆուտբոլային հարստությունը գործի չդրեցին հենց առաջին րոպեներից...
Լուսանկարը` armsport.am-ի
Թող ամենևին տպավորություն չստեղծվի, թե Հունաստանը իր աղքատիկ ֆուտբոլով թույլ հավաքական է: Այն իրականում շատ փորձառու, մարտունակ և պրոֆեսիոնալ թիմ է: Սակայն մի բան հստակ է. Հունաստանը յուրաքանչյուր խաղում սպասում է, թե ինչ թույլ կտա իրեն անել մրցակիցը: Հունաստանի առաջին րոպեների ակտիվությունը պարզունակ խայծ էր, և հույները, չզգալով դիմադրություն, վարպետորեն «սպասեցին», թե ինչքան են հայերը իրենց թույլ տալու գրոհել: Դժբախտաբար մերոնք թույլ տվեցին դա անել մինչև գոլը, և նույնիսկ մի փոքր էլ ավել:

Արդյունքում մեր հավաքականը հետախուզության վրա ծախսեց մի ամբողջ խաղակես` միաժամանակ մրցակցին նվիրելով այն խաղը, որը հենց պետք էր վերջիններիս: Հունաստանի տիպի թիմերը, դեռ խաղը չսկսված, խաղում են այն տրամաբանությամբ, որ իրենք հաղթում են մեկ գոլի առավելությամբ, ու պետք է ամեն կերպ պահել հաշիվը: Իսկ այդ մեկ գոլը իրենք կխփեն խաղի ընթացքում` դիպուկ որսալով պահը: Այդ պահերը վերջին հաշվով եղան նաև այս խաղում. եթե նույնիսկ հույները խաղի սկզբում չխփեին միակ գոլը, շատ հանգիստ դա կարող էին անել 11 մետրանոցներից մեկի ժամանակ: Ցավալին այն է, որ այդ գոլը մերոնք ուղղակի նվիրեցին` վերահաստատելով հույների տակտիկական տրամաբանության իրավացիությունը:
Այս ամենը առաջին կեսի մասին: Հավելենք միայն Հայաստանի հավաքականի ցրված խաղը պաշտպանությունում, և  մեր առաջատար ֆուտբոլիստների թերացումը` խաղը իրենց վրա վերցնելու հարցում:
Հանդերձարանում արդեն, Վ.Մինասյանը հաջողությամբ խայծը դուրս հանեց մերոնց կոկորդից և առաջ մղեց թիմին: Համաձայնվեք, մեր հարձակումը շատ հեռանկարային է ու վերջապես աչքին հաճելի: Ուղղակի այդ խաղային համարձակությունը, որով սկսեցին մերոնք երկրորդ կեսը, պետք էր նաև առաջին կեսում: Մերոնք ստեղծեցին բավականին վտանգավոր պահեր, և եթե իրատես լինենք, առավելագույնը այս պայմաններում, երբ առջևում Հունաստանի բավականին հզոր պաշտպանությունն էր, և խաղն շատ մեծ նշանակություն չուներ: Առավել հեշտ ձևակերպման համար ուղղակի կարելի է ասել, որ բախտը մերոնց չժպտաց, իսկ ավելին անելու, լուրջ հարցեր լուծելու կամ հերոսանալու խնդիր մեր ֆուտբոլիստները չունեին:
Այս պարբերությամբ ուղղակի պետք է գովասանքի խոսքեր հղել Ռոման Բերեզովսկուն, որի շնորհիվ միայն այս խաղից հայ երկրպագուները ինչ-որ բան կտանեն իրենց հետ: Մենք ունենք փայլուն դարպասապահ, ով կփրկի ամենածանր պահերին, ով միանշանակ հերոս է, սակայն, ով արդեն 38 տարեկան է, ինչը միակ տխրելու առիթն է այս պարագայում:
Հայաստանի հավաքականը զիջեց Եվրո-2012-ի մասնակիցներից մեկին, և այս արդյունքը, ամեն դեպքում, արդարացի էր: Սա ամենևին էլ սարսափելի չէ, սա ոչ մի կերպ չի հիասթափեցնի հայ երկրպագուին, սա չի փաստում, որ մեր հավաքականը այսօր իրականում թույլ է Սլովակիային ջախջախող հավաքականից: Սա ուղղակի դասեր է մեր հավաքականի համար, որոնք Վ. Մինասյանը շատ արդյունավետ կհրամցնի իր տղաներին: Սա նաև որոշակիորեն փորձ էր մերոնց համար, չնայած անհասկանալի է, թե Սարգիս Հովսեփյանի ինչին է պետք այս փորձը..
Լուսանկարը` totalfootball.am-ի
Ամփոփելով խաղը, նախ պետք է նշել, որ մեր տղաների առջև կարծես թե խնդիրը հստակ չէր: Խաղը ընկերական էր, ու հաղթանակը երևի թե առաջնայինը չպետք է լիներ: Խաղին հետևելով` դժվար էր կողմնորոշվել, թե ինչ տակտիկական խնդիրներ են փորձում լուծել մեր ֆուտբոլիստները, ինչ-որ սխեմաներ փորձարկվում են, թե ոչ, կամ արդյո՞ք  ինչ-որ խաղացողների է փորձարկում Մինասյանը: Ոչ էլ այն տպավորությունն էր, որ մերոնք դաշտ են դուրս եկել ամեն կերպ հաղթելու: Գոնե առաջին կեսում մերոնք շփոթված էին թվում և չէին պատկերացնում ինչ ֆուտբոլ են իրենք խաղալու:
Մյուս կարևոր հանգամանքը, դա մեր թիմի պաշտպանությունն է: Այստեղ խնդիրները շատ էին, լուծողը` մեկը` Ռոման Բերեզովսկին: Վ. Մինասյանը խնդիր ունի դիրքային կարգապահություն սերմանելու իր թիմի պաշտպանությունում: Այստեղ էլ, կրկին դժվար է պատկերացնել, թե արդյոք ուշ չէ դա անել Ս. Հովսեփյանի դեպքում, որը ամենաշատն էր սխալվում դիրքային պայքարում, որի դիրքային սխալի արդյունքում ստեղծվեց առաջին գոլը և առաջին 11 մետրանոցը: Ունենալով մեծ հարգանք այս ֆուտբոլիստի նկատմամբ, ուղղակի կարծում եմ, որ նա չպետք է մասնակցեր այս խաղին:
Հերթական անգամ համոզվեցինք, որ հարձակման գծում մերոնց ներուժը հսկայական է, ուղղակի պակասում է խաղակցվածությունը, որը դժվար լուծելի խնդիր չէ այս պարագայում: Կարծում եմ Ղազախստանի հետ խաղում այս խնդիրը լուծված կլինի, ու մենք հիանալու շատ առիթներ կունենանք:
Իսկ մինչ մյուս խաղը, կրկին շնորհակալություն հայտնենք մեր թիմին, մեր դարպասապահին և մեր մարզչին: Սպասում ենք գեղեցիկ հաղթանակների...




0 comments:

Отправить комментарий