24 апр. 2012 г.

Բարսելոնայի դեմոտիվացիայի մասին

Ռեալը վերջապես հաղթեց Բարսելոնին: Հաղթեց խաղով ու խաղային բազմաթիվ ասպեկտներով: Դժվար է թերագնահատել Մորուրինյոյի դերը, սակայն հետաքրքիր է նկատել, որ նա այդպես էլ Ռեալի հետ չկարողացավ հաղթել այն Բարսելոնային, որին մենք տեսնում էին նախորդ 2-3 տարիներին, որին սպասում էինք տեսնել վերջին խաղում, սակայն որին այլևս երբեք չենք տեսնի...

Ու խնդիրը այն չէ, որ մենք այլևս Բարսայի մեկնարկային կազմում չենք տեսնում վաղուց հարազատ դարձած անուններ, այլ տեսնում են Տիագո Ալկանտարա, Կուենկա կամ Տելյո, որոնց անունները չգիտենք էլ ինչպես գրել հայերեն: Գուարդյոլային մեղադրել պետք չէ նրանց հարցում: Այո, նրանք դեռ շատ առումներով են զիջում, բայց նրանք ունեն շատ կարևոր առավելություն` մոտիվացիա: Նրանք դեռ չունեն մեդալների ու գավաթների այն տեսականին, որով լցված են Չավիի կամ Պույոլի համապատասխան սրահները, ու ոչ էլ թվերի այն մեծ բազմությունը, որով փորձում են արտահայտել Մեսսիի ռեկորդները: Նրանց համար ամեն հնարավոր հաղթանակ նոր երևույթ է կյանքում, որն էլ նրանց գլխավոր առավելությունն է:

Դեռ մրցաշրջանի սկզբում էր ենթադրելի, որ Բարսան մոտիվացիայի խնդիր է ունենալու: Շատ դժվար է հասկանալ, թե ինչն է առաջ մղելու Բարսայի հերոսներին նվաճելու այն, ինչից նրանք արդեն լիքը ունեն, ու չի էլ երևում որևէ լուրջ ուժ, որը կփորձի հետ պահել նրանց դրանցից: Խաղացողների զգալի մասը աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ են, իսկ ակումբային տիտղոսների մասին խոսելը իմաստ էլ չունի: Այսինքն ակնհայտ էր, որ թե թիմային, և թե անհատական տիտղոսների տեսակետից կատալոնացիներին ինչ-որ բանով գայթակղել շատ դժվար էր:

Ֆուտբոլային գաղափարախոսության տեսակետից էլ ամեն ինչ ավարտին էր հասել: Բարսան կարողացավ ստեղծել ֆուտբոլային մի ուրույն ոճ, որը գեղեցիկ էր և արդյունավետ: Չափազանց գեղեցիկ էր և չափազանց արդյունավետ: Այն մտավ ֆուտբոլի պատմության մեջ, ու դեռ ճանապարհ ունի անցնելու, հղկվելու, կատարելագործվելու... բայց հղկվելու և կատարելագործվելու է այն պայքարի մեջ, պայքար, որը, ամեն դեպքում, չկար..


Նման պայմաններում թիմը անցկացրեց ողջ մրցաշրջանը: Ամենադժվար գործը, իհարկե, բաժին ընկավ Գուարդյոլային. մոտիվացնել խաղացողների` չառաջարկելով նրանց ոչ մի նոր բան, այն դեպքում, երբ մարզիչը ինքը մոտիվացման կարիք ուներ: Ալեքսիսի և Սեսկի հայտնվելը որոշակիորեն կարգավորելու էր վիճակը, սակայն դա քիչ էր: Գուարդյոլան իրավացիորեն սկսեց ելքը փնտրել Կանտերայում: Այս երիտասարդների մոտ, ընդհակառակը, միակ հատկանիշը, որով նրանք գերազանցում են բոլորին, դա մոտիվացիան է: Կարևոր էր նաև մի շարք խաղացողների մոտ անհատական մոտիվացիաների առաջացումը, որը, փաստորեն ստացվեց միայն Մեսսիի մոտ. նա շարունակում է ուռճացնել ռեկորդային թվերը, ու բացի այդ նա դեռ պետք է պահպանի իր լավագույն որակները, մինչև 2014-ը, երբ կունենա հերթական հնարավորությունը հասնելու ֆուտբոլի իսկական լեգենդներին` դառնալով նաև աշխարհի չեմպիոն:

Խաղային մոտիվացիայի պահպանման առումով Գուարդյոլան նախ փորձեց կատարելագործել գնդակի խաղարկման սխեմաները հատկապես ստանդարտ դիրքերի ժամանակ: Մյուս մոտեցումը Բարսայի էկոնոմ-ռեժիմի գաղափարն էր, որ տեսնում էինք վերջին խաղերին` 2 գոլի տարբերությամբ հաղթանակներ առանց մեծ ջանքերի: Սակայն եթե առջևի գծում նոր խաղացողների ակտիվությունը, տակտիկական նոր մտահաղացումները և ստեղծարար խաղից ֆուտբոլիստների բավարարվածությունը պահպանում էր խաղային նախկին մակարդակը, ապա պաշտպանությունում, համաձայնվեք, շատ դժվար է հասկանալ, թե ինչը կարող է մոտիվացնել խաղացողներին: Արդյունքում պաշտպանությունը դանդաղ ուննկատ սկսեց ժանգոտվել...

Իսկ ամենավատն այն էր, որ Կլասիկոն էլ է կորցրել իր մոտիվացիոն ուժը Բարսայի համար: Խաղի ժամանակ էլ երևում էր, որ ոչ մեկն էլ չէին վառվում հին կրակով: Մի բան, որով Ռեակը շիկացած էր այսքան պարտություններից հետո:



Պետք է նշել նաև, որ այս վիճակը դեռ չի ենթադրում, որ Բարսան կտապալի նաև Չեմպիոնների լիգան: Կարծում եմ մրցաշարի հեղինակությունը թույլ չի տա սպանել նաև այդ մոտիվացիան, և այս հրաշագեղ Բարսայի հրաժեշտը մենք կտոնենք ինչպես որ պետք է: Բայց այն ամեն դեպքում կլինի հրաժեշտ, որովհետև մյուս մրցաշրջանում մենք հաստատ ուրիշ Բարսա ենք տեսնելու.. Ուրիշ Բարսա, բայց միևնույն է, Բարսա, որը ավելին է քան ակումբ...

Visqa el Barca!!!



Read more »