30 мая 2012 г.

Թե ինչու Իսպանիայի հավաքականը չի հավակնում չեմպիոնության Եվրո 2012-ում

Հերթական Եվրոյից առաջ, սպասելի էր, որ Իսպանիայի հավաքականի` ամենայն հավանականությամբ գենդերային անհավասարությամբ աչքի ընկնող երկրպագուների մեծ բանակը, որը կրկնապատկվեց կամ միքանիպատկվեց վերջին տարիներին, սկսելու էր բարձրաձայնել իրենց թիմի հերթական չեմպիոնության հեռանկարի մասին: Փորձել եմ հիասթափեցնել նրանց.

3 պատճառ, թե ինչու Իսպանիայի հավաքականը չի հավակնում չեմպիոնության.
1. Առաջինը շատ մարդկային ու շատ ըմբեռնելի պատճառ է, որը կոչվում է մոտիվացիայի բացակայություն: Հաշվի առնելով ստեղծարար խաղացողների հիմնական առանցքը /Չավի, Ինիեստա, Ֆաբրեգաս/, և հաշվի առնելով նրանց ակումբային պատկանելությունը, հիշելով նաև նմանատիպ երևույթը Բարսայում, կարելի հասկանալ, որ քիչ են այն մոտիվները, որոնք կստիպեն իսպանացիներին արդեն ունեցած Եվրոպայի գավաթից ևս մեկ հատ վաստակել` ընդ որում առավել փառահեղ Աշխարհի գավաթից հետո: Ի վերջո դժվար է հերոսներին համոզել վերահերոսանալ: Իսպանիայի հավաքականում երևի սպասում էին նոր դեմքերի մեծ քանակի, որոնք ունեն նվաճումների ծարավ, և ունենալով հզոր հիմք` մի քանի փորձառու խաղացողների տեսքով, գուցե և փորձեին փառավորվել: Եվ չնայած Դել Բոսկեն նոր տաղանդավոր ֆուտբոլիստների բավականին մեծ ընտրություն ուներ, նա հիմնականում նախընտրեց չեմպիոնական կազմը: Երևի Դել Բոսկեի մոտ նույնպես բացակայում է մոտիվացիան, ինչը լրիվ նորմալ կհամարվի: Ուղղակի նման պայմաններում հարց է, թե ինչու նա երկարաժամկետ պայմանագիտ կորզեց Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից: Գուցե նոր մարզիչը, որը կունենար անհրաժեշտ մոտիվացիան, այն փոխանցեր նաև թիմին, և այս հարցը փակվեր:
2. Իսպանիան ակնհայտ խնդիրներ ունի առջևի գծում: Վիլյայի կորուստը իրոք շատ մեծ հարված է չեմպիոնների համար, հատկապես այս շրջանում, երբ Տոռեսը խնդիրներ ունի ինքն իրեն հետ, իսկ մյուս հարձակվողներն էլ` ի դեմս Նեգրեդոյի և Պեդրոյի, հազիվ թե կարող են մեծ հաղթանակներ կերտելու հավակնություններ ունենալ: Մյուս երկու հարձակվողներից Խուան Մատան մեծ վերապահումներով է հարձակվող, նա ամեն դեպքում ավելի խորքից է գործում, և արդյունքում ստանում ենք հույսի մի մեծ բեռ Ֆերնանդո Լիորենտեի վրա: Իսպանիայի խնդիրները հարձակման գծում նոր չեն, դեռ աշխարհի հաղթական առաջնության ժամանակ Իսպանիան ամբողջ փլեյ-օֆֆը անցավ 1-0 հաշվով, ընդ որում այդ մեկ գոլը նույնիսկ երբեմն բաժին չէր հասնում հարձակվողներին: Թե որքանով է Դել Բոսկեն լուծում գտել խնդրին, դեռ կտեսնենք:
3. Վերջին պատճառը, որով Իսպանիան չի դառնա Եվրոպայի չեմպիոն, պայմանականորեն անվանենք ֆուտբոլի զարգացման կանոն: Հարցն այն է, որ դեռ երբեք ոչ մի թիմի չի հաջողվել երկու անգամ անընդմեջ հաղթել Եվրոպայի առաջնությունում, և ավելին, չի պատահել, որ Եվրոպայի և Աշխարհի գավաթները նվաճելուց հետո նվաճի դրանցից մեկը ևս մեկ անգամ: Խնդիրն այն է, որ ֆուտբոլը գտնվում է զարգացման մեջ, և եթե Իսպանիան այս տարի էլ հաղթի, կարելի է փաստել համաշխարհային ֆուտբոլի լճացման և խորը ճգնաժամի մասին: Իսկ դրա նախադրյալները ոչ մի կերպ չեն երևում, թեկուզ ակումբային ֆուտբոլի մակարդակով: Եթե մեկ-երկու տարի առաջ Բարսելոնան ինչ-որ կերպ դրա իլուզիան էր ստեղծել, ապա այս տարի դա ջախջախվեց, և ակնհայտ է, որ ֆուտբոլի զարգացման հետ գալիս են նոր հերոսների ժամանակները:
Եվրոպան կունենա նոր չեմպիոն, կունենա նոր հերոսներ:



0 comments:

Отправить комментарий