23 дек. 2012 г.

5 հուսադրող փոփոխություններ 2012-ից

Իմ բլոգը վաղուց էի մոռացության մատնել, սակայն +Arsen Vardanyanի այ այս պոստը հավեսս բերեց ու ես էլ որոշեցի ռեփորթել 2012-ը: Իրականում լավ էլ տարի էր, փոփոխությունները շատ էին, հիասթափությունները` հուսադրող, հեռանկարները` ավելի պատկերավոր ու կանխատեսելի: Գյումրիում էլ շատ բան փոխվեց, ավելի շատ, քան քաղաքապետը.. Այս ամենի մասին` հերթով, կարգով, շարքով :))



1. «Շիրակ» - մենք ունենք ընդհանուր զարկերակ..
«Շիրակի» այս նոր հիմնը սկզբնական շրջանում ավելի շատ ծիծաղ ժպիտ էր առաջացնում, ավելի մեծահասակների մոտ այդ ժպիտն ուղեկցվում ոչ վաղ անցյալի հաղթանակների նոստալգիայով: Այս տարի սակայն, «Շիրակը» դարձավ գյումրեցիների ընդհանուր զարկերակը, իսկ Քաղաքային մարզադաշտը` քաղաքի սիրտը: Թեկուզ և որպես նախընտրական քարոզարշավի հերթական ակցիա` «Շիրակը» նվաճեց Հայաստանի գավաթը, իսկ մարզադաշտը` իմ համար գոնե ամենահաճելի ժամանցի վայրը Գյումրիում: Շատերին դժվար էր համոզել, որ առաջին անգամ գան մարզադաշտ, իսկ ահա առաջին անգամից հետո համոզելու կարիք չկար: Մեր թիմն էլ, բարեբախտաբար, մշտապես պարգևում էր գեղեցիկ հաղթանակներ: «Շիրակը» հիմա առաջին տեղում է, և շատ մոտ է չեմպիոնությանը, սակայն իրական նվաճումը Գյումրիում ֆուտբոլային մշակույթի վերականգնումն է, և այս խնդրի դիմաց հիմա կարելի է վստահորեն «պտիչկա» դնել:




2. «Քաղաքը մերն է»
Նրանց լսեցին, նրանցով հիացան, հավատացին ու հույսով լցվեցին, բայց ափսոս իրանց մայլի  տղեն էլ էր թեկնածություն դրել: Գյումրին մնում է իր խասյաթին, ու չնայած ընկալում են ավելի որակյալը, ավելի առաջադեմը, սակայն շարունակում են ավելի լավ հիշել ծուռումուռ ու խնդալու մականունները, քան գրագետ անուն-ազգանունները: Ամեն դեպքում, առաջընթացը գոնե այն է, որ հիմա ավագանին որպես կառույց կարևոր ու հանրային է դարձել, և նույն գյումրեցիները կլսեն իրենց ընտրած ծուռումուռ ու խնդալու մականուններով մարդկանց ծուռումուռ ու խնդալու տեքստերը: Չորս տարի անց գուցե և ընտրությունը այլ լինի, սակայն հիմա էլ քաղաքը մերն է: Եթե դուք առանձնակի ցանկություն ունեք «պտիչկա» դնելու, ապա կարող եք դնել «քաղաքացիական հասարակությունը որպես քաղաքում կարևոր գաղափարական և ուժային կենտրոն ձևավորեց իր սաղմերը» դժվար հիշվող, բայց չխնդալու տարբերակի դիմաց:



3. Գյումրու քաղաքապետի փոփոխությանը բոլորն էլ խուսափում են հստակ որակումներ տալ, ինչու? որովհետև այդ ամենի մեջ ՀՀԿ-ի մատը խառն է, և ուրեմն ոչ լավ բանի հույս ունենալ չարժե.. Ինչ խոսք, անցած երկու ամիսների ընթացքում Բալասանյանից բողոքելու լուրջ առիթներ դեռ չկան, ավելին` մեր քաղաքի տոնածառը այս տարի շատ ավելի լավն է, քան մայրաքաղաքինը: Անկախ կուսակցական խաղերից, հուսանք Բալասանյանը կկարողանա որևէ օգուտ բերել քաղաքին, չի կրկնի հին սխալները, չի վատնի միջոցներ Սամվելի կամ Աշխենի արձանները կառուցելու համար, չի դարձնի Գյումրին գարեջրատուն.. 


4. ա/  Գյումրիում այս տարի ևս բնակարանամուտի տարի էր: «Դոմիկներում» անկացրած տարիները բազմաթիվ ընտանիքների համար չգերազանցեց քառորդ դարը, չնայած հազիվ թե դա հուսադրող տարր է այս դեպքում:  Բաշխված բազմաթիվ բնակարանների հետ միասին շահագործման հանձնվեց նաև նորակառույց դպրոցը: Սա նոր թաղամասի առաջին ենթակառուցվածքն էր, որը կարող է բնակելի թաղամասը դարձնել նաև քաղաքի կարևոր հատվածներից մեկը: Հաջորդ ենթակառուցվածքը կարող է լինել ֆուտբոլի ակադեմիան, իսկ ինձ նման երազկոտները հույս ունեն, որ մի օր մեր թաղամասը կունենա նաև ինչ-որ մի գործարան: Որ այստեղ գան «գործի», այլ ոչ թե «գործից տուն»:
բ/  Մուշ-2 թաղամասը այլևս քաղաքից դուրս չէ: Տարիներ շարունակ Մուշ-2 թաղամասի բնակիչների մոտ տպավորություն էր, որ իրենց բնակարաններ են հանձնել ոչ թե Գյումրիում, այլ պատմական Մուշ քաղաքում: Քաղաքի կենտրոնից երթուղայինով Շիրակի մարզի գյուղերի մեծամասնություն հասնելը ավելի քիչ ժամանակ էր պահանջում, քան Մուշ թաղամաս: Եվ վերջապես գործարկվեց նոր երթուղի, որը կապեց թաղամասը քաղաքին: Ճիշտ է, խնդիրը հատկապես ծանր էր իմ և մեր թաղի բնակիչների համար, գուցե մյուսների համար սա ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում, սակայն հուսադրողը այստեղ այն էր, որ խնդիրը վերջապես նկատվեց ու լուծում տրվեց: Վտանգավոր, սակայն հաճելի է հուսալ, որ մեր քաղաքի բազմաթիվ այլ խնդիրներ նույնպես կնկատվեն և լուծումներ կստանան: 


5. Երիտասարդությունը Գյումրիում աշխուժանում է: Ինքս եղել եմ Գյումրու ակտիվ երիտասարդության մի մասը արդեն 5-ից ավելի տարի, սակայն այս տարի ակտիվությունը մի փոքր այլ է, ավելի ընդգրկուն ու ավելի ներուժային: Ինչու չէ ավելի առաջադեմ: Ճիշտ է, շատ հաճախ իրանք գանգուր են ու պճնամոլ, սակայն ավելի շատ բան են ունակ անելու, ու ահագին բան արեցին այս տարի: Քյառթը նահանջում է, շատ դանդաղ ու աննկատ, հաճախ էլ միաձուլման ճանապարհով, սակայն գործընթացը իր բուն ընթացքի մեջ է, և արդյունքները երկար չեն սպասեցնի: 

Ընդհանուր առմամբ «պրիյատնի» 2012-ին հրաժեշտ ենք տալիս ու սպասում 2013-ին` առանց 13-ի հետ կապված որևէ սնահավատության: Վերջում էլ ուզում եմ դիտեք իմ լավ ընկերոջ` Հայկի պատրաստած հոլովակը: 

Նա ուղղակի իր ունակություններն էր գործի դրել, իսկ ես այս հոլովակում քաղաքական ենթատեքստ եմ տեսնում.. Իսկ դուք? Ինչ եք կարծում, ինչ է սպասվում մեր քաղաքին 2013-ին???
Read more »