28 июн. 2014 г.

Ողբերգություն առանց գլխավոր հերոսի

Օրերս Պաոլո Մալդինին նշում էր ծննդյան տարեդարձը: Չգիտեմ՝ որ տարեդարձը, ես նման ֆանատիկական մանրուքներով չեմ տարվում: Ինձ համար ուղղակի կարևոր էր այս պահին հիշել նրան՝ որպես Իտալիայի հավաքականի ամենասիրվող ֆուտբոլիստի, որն այդպես էլ ոչ մի գավաթ չի նվաճել: Բայց նրա էլեգանտ խաղն ու մարդկային որակները ստիպում էին սիրահարվել ոչ միայն նրա խաղին, այլև նրա խաղացած յուրաքանչյուր թիմին: Շատերը սկսել են համակրել «Սկուադրա Աձձուրային» հենց նրա շնորհիվ:

Ինչու՞ հիշեցի նրան հիմա: Որովհետև Իտալիան այս առաջնությունում նման ֆուտբոլիստ չուներ իր կազմում: Իտալիան չուներ հերոս, ով կպայքարեր մահվան խմբում իրենց դեմ դուրս եկած անծանոթ աբորիգենների և քաջ հայտնի, բայց անկասելի մարդակերների դեմ: Չկար մեկը, ով չդադարեր վազել մինչև վերջին րոպեն, բայց որ ամենակարևորն է՝ վազեցներ իր հետևից: Չկար մեկը, որի անունից ու վեհությունից սթափվեր թե Ուրուգվայի հետ խաղի գլխավոր մրցավարը, ու ինքը՝ մեծն Սուարեսը: Ֆուտբոլն իրականում մեզ՝ հեռուստադիտողներիս համար նույն պատկերն է հեռուստացույցի էկրանից, և մենք դիտում ենք այն նույն ակնկալիքով, ինչ ֆիլմերը՝ տեսնել հակասություն, զարգացումներ և հանգուցալուծում: Իտալիան այս ֆիլմում չուներ իր հերոսը, նրա բոլոր ֆուտբոլիստները երկրորդական դերում էին՝ ինչպես օրինակ Կիելինին՝ Սուարեսի կծոցի դրվագում:



Շատերդ չեք համաձայնվի՝ նշելով Բուֆոնին ու Պիրլոյին: Ոչ, ես նրանց մասին չեմ մոռացել: Բայց նրանք զուտ լրացում են այն դերին, որը «Սկուադրա Աձուրայում» թափուր էին մնացել: Նրանք նույնքան փայլուն էին նաև 2006-ին, բայց այն ժամանակվա հերոսը Կաննավարոն էր: Պատճառն այն է, որ նրանք լավագույնն են իրենց դերերում, ուղղակի իրենց դերերը ի սկզբանե գլխավոր չէ՝ ոչ այն պատճառով, որ կարևոր չէ, այլ այն պատճառով, որ նրանց դերերը մարքեթինգի տեսանկյունից դժվարիրացնելի են: Պիրլոն թիմի շարժիչն է, մեխանիզմը, սակայն յուրաքանչյուր մեքենան նախ ուշադրություն է գրավում ու գերում է  իր տեսքի ու ընթացքի համար, իսկ մեխանիզմով հիանում են միայն նեղ մասնագետները, ովքեր մանրամասն ուսումնասիրում են այն: Նույն կերպ՝ Բուֆոնը, նա ֆանտաստիկ է միայն այն ժամանակ, երբ պաշտպանությունը ահավոր անհուսալի է, և գնդակը հասնում է մինչև  իրեն: Իսկ Բուֆոնի՝ մրցակցի տուգանայինում հայտնվելը ու չնահանջելն ասում է նաև հարձակման դեֆոլթի մասին: Ինչևէ, եթե Իտալիայի հավաքականի խաղում աչքի է ընկնում այս երկու երեսուննանց ֆուտբոլիստների խաղը, ուրեմն «Սկուադրա Աձձուրան» այլևս ոչինչ չունի ներկայացնելու:


Լավ, եթե ոչինչ ու ոչ ոք չկար Իտալիայի հավաքականի այս կազմում, որի համար կարելի էր երկրպագել նրանց, իսկ հետո ցավալ նրանց համար, ապա ինչ եմ ուզում ես այս պոստով: Ես ուղղակի շփոթվել եմ իմ մտքերի ու զգացողությունների մեջ, և ուզում եմ կողմնորոշվել: Ես Բալոտելիի ու Իմմոբիլեի զույգով իմ հարձակումով մեն մենակ եմ դուրս եկել Բուֆոնի պաշտպանած իմ դարպասի դիմաց:


Դե իհարկե, երկրորդական դերի դերասան Բուֆոնը հետ մղեց գլխավոր դերերի քասթինգին եկած Բալոտելիի ու Իմմոբիլեի հարվածները: Պատասխանն ակնհայտ է: Ցավում եմ ես, ինչպես պարզվեց, Պրանդելիի համար: Նա իր վարքագծով, աշխատաոճով ու մարդկային որակներով ամենաշատն է նման այն գլխավոր հերոսին, որին ես փնտրում եմ խաղադաշտում: Սակայն նա մեծ կադրում չէ, նա տեխնիկական գոտում է, չէ որ նա ռեժիսորն է:

Պրանդելլին հիացնում էր իր աշխատանքի այս չորս տարիներին, սակայն այդ աշխատանքը կարող էինք գնահատել միայն փորձերի ժամանակ: Փորձերից մեկն էլ կայացավ մեր աչքի տակ՝ «Հրազդան» մարզադաշտում: Ընդ որում՝ Պրանդելլին իր աշխատանքի հենց սկզբից հասկացրեց, որ իր ենթակայության տակ աշխատող բոլոր մարդիկ պետք է հարգեն միմյանց, ինչը հարգանք բերեց նաև իրեն՝ «ալլենատորեին»: Չեզարեն իդեալիստ էր, ու այնքան հզոր, որ ստիպեց հարգել նույնիսկ Բալոտելիին, և համարյա ստացավ նրանից բացառիկ համարժեք պատասխանը: Իր ֆիլմի գրավչությունը Պրանդելլին փորձում էր ստանալ ոչ թե փորձված ու տարածված, հեշտ ու աշխատող մեթոդների, այլև դժվար, բայց երազկոտ մի ճանապարհով, որտեղ յուրաքանչյուր հերոս այդպիսին է դառնում իր աշխատանքով, ինքն իրեն հաղթահարելու ճանապարհով՝ թե կոլեկտիվում և թե ֆուտբոլային դաշտում:  Մարզչի մոտ մի դեպքում նույնիսկ ամեն ինչ շատ մոտ էր ստացվելուն, երբ նա անգամ Մարիոյից կարողացավ հերոս ստանալ:


Այս ամառ էլ նշանակված էր Պրանդելիի ֆիլմի պրեմիերան: Ինչպես արդեն գիտենք, ֆիլմը տապալվեց: Այն գուցե շատ լավն էր, բայց չուներ գլխավոր հերոս: Երկրորդ պլանում կրկին փայլում էին Պիրլոն ու Բուֆոնը, և ընդհանրապես, ֆիլմի մուտքը բավականին լավն էր ու հետաքրքիր, բայց երբ այն արդեն սպասում էր գլխավոր հերոսներին, որոնք կապահովեին սցենարով նախատեսված զարգացումները, Պրանդելիի հերոսները չքվում էին տեսախցիկի առջևից, իսկ նրանց փոխարեն անակնկալ կերպով գլխավոր դերում էին հայտնվում ինչ-որ Քեմփբելներ ու Ռուիզներ, մրցավար Մորենո կամ Լուիս Սուարես, որ քիչ էր մնում Չեզարեի բարձրաշխարհիկ մելոդրաման արյունոտ սարսափ ֆիլմի վերածեր: Իսկ ու՞ր են Պրանդելիի այն գլխավոր հերոսները, որոնց նա ամիսներ շարունակ համբերատար կերպով ընտրել ու հղկել էր այս դերի համար, ընդունել նրանց ցանկացած քմահաճություն, հազար անգամ փոխել սցենարը՝ նրանց լավագույնս օգտագործելու համար: Չկային նրանք, չկա և մարզչի ֆիլմը, որը խոստանում էր իսկական գլուխգործոց լինել: Վերցնենք իտալական ֆուտբոլի ցանկացած վառ հերոսի՝ սկսած Մալդինիից, շարունակած Գատուզոյով և վերջացրած Տոտտիով ու Դել Պիեռոյով, նրանցից յուրաքանչյուրը այս դերում Պրանդելիի ֆիլմը ֆանտաստիկ կդարձներ:


Իսկ հիմա, մարզիչը հեռանում է՝ այդպես էլ չտեսնելով իր աշխատանքի արդյունքը: Նրա թիմը դավաճանեց նրան՝ ճանապարհի կեսից շեղվելով դեպի սեփական հերոսացումը տանող ճանապարհից: Իսկ Պրանդելիին գնահատել կարողացան միայն շատ քչերը՝ նրանք, ովքեր չէին վարանել հետևել փորձերին: Նրանք, որ չէին տեսել, բայց զգացել էին, թե ինչ լավ ֆիլմ կարող է Չեզարեն նկարահանել իսկական հերոսների հետ: Իսկ հիմա, այդպես էլ չգտնելով իր գլխավոր հերոսներին, իտալական այս ֆիլմը ոչ միայն կորցնում է իր ռոմանտիկ ռեժիսորին, այլև նրանց, ովքեր լավագույնն էին իրենց գործում՝ այն է՝ երկրորդ պլանի իր դերասաններին՝ Պիրլոյին ու շուտով հավանաբար նաև Բուֆոնին:

Ես տխրել եմ հենց դրա համար, չէ որ ինձանից խլեցին արվեստի մեծագույն մի ստեղծագործություն, որն այլևս հազիվ թե տեսնեմ.. 
Read more »