5 июн. 2012 г.

Եվրո-2012-ի թաքնված ֆավորիտները. Մաս 1` Անգլիա

Եվրո-2012-ից օրեր առաջ մրցաշարի հիմնական ֆավորիտների թվում առավել շատ հայտնվում են երեք հավաքականների անուններ` Իսպանիա, Հոլանդիա և Գերմանիա: Ֆավորիտների այս ցանկը շատ իրատեսական է` հաշվի առնելով վերջին աշխարհի առաջնության արդյունքները և մյուս թիմերի ներկայիս վիճակը: Մյուս կողմից Եվրոպայի առաջնությունը այն մրցաշարն է, որտեղ հրաշքներ իրոք լինում են, և մյուս բոլոր թիմերն էլ ջանք չեն խնայի կրկնելու Դանիայի և Հունաստանի հավաքականների սխրագործությունները: Սակայն պետք է նկատել, որ սխրագործությունները կանխատեսել գրեթե անհնար է, իսկ ավելի իրատեսական է գնահատել ու հասկանալ այն հավաքականների շանսերը, որոնք գլխավոր ֆավորիտների թիկունքում ունեն լուրջ հավակնություններ և հույսեր: Այդ հավաքականների թվին կարելի է դասել Անգլիայի, Իտալիայի և Ֆրանսիայի հավաքականները, որոնք ունեն ֆուտբոլային պատմություն ու փորձ և ունեն հիմնականում նոր կազմ` հետևաբար` հաղթանակի մեծ ծարավ:
Այսպիսով` Անգլիայի, Իտալիայի և Ֆրանսիայի հավաքականների 2 ուժեղ և 2 թույլ կողմերը Եվրո-2012-ում.

Մաս 1. Անգլիայի հավաքական. 
Ուժեղ կողմեր.
1. Զարմանալի է, բայց փաստ, որ Անգլիայի հավաքականը դեռ երբեք չի նվաճել Եվրոպայի գավաթը: Եվ ընդհանրապես, անգլիացիները հավաքականի մակարդակով առաջին ու վերջին լուրջ հաջողությունը գրանցել են հեռավոր 1966-ին: Չնայած դրան` Անգլիան համարյա միշտ ֆավորիտների թվում է: Իսկ գլխավոր խանգարող հանգամանքը, ինչպես շատերն են զգացել, ահռելի ճնշումն է հավաքականի ֆուտբոլիստների և մարզիչների վրա, որը գալիս է թե տաքարյուն անգլիացի երկրպագուներից, թե ամեն վայրկյան խայթելու պատրաստ լրագրողներից, և թե ԱՖՄ բավականին գոռոզ ղեկավարությունից: Այս ամենը միշտ կանգնեցրել է անգլիացիներին ինչ-որ մի պահի, և առավել հաճախ` մրցաշարերի փլեյ-օֆֆ փուլերի ժամանակ, երբ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը հանգիստ նյարդեր: Իսկ ինչ ենք տեսնում այս տարի.. Անգլիացիները պարզապես հասկացան, որ թիմից, որը մինչև վերջերս չուներ ոչ ավագ, և ոչ էլ գլխավոր մարզիչ, դժվար է լուրջ հաջողությունների սպասել այս մրցաշարում: Բացի այդ, անգլիացիները նաև հասկացան, որ հենց իրենք են մեղավոր, որ թիմը մինչև վերջերս չուներ ոչ ավագ, և ոչ էլ գլխավոր մարզիչ: Հասարակական ճնշումը երեք առյուծների վրա այս տարի նվազագույնն է վերջին մի քանի տասնյակ տարիների համեմատ, և հույս է առաջանում, որ այս պայմաններում անգլիացիները վերջապես կկարողանան ցույց տալ այն ամենը, ինչի ունակ են իրականում:



2. Ուժեղ ու չգնահատված անհատները: Այսօր արդեն Անգլիայի հավաքականը ունի և նոր ավագ, և նոր մարզիչ: Նրանք երկուսն էլ բավականին ուժեղ անհատներ են, և ունակ են շատ բան փոխելու: Նրանց շարքին պետք է ավելացնել ևս երկու ֆուտբոլիստների` Ջոն Տերի և Ուեյն Ռունի: Հավաքականի ներկայիս կազմում նրանք անկասկած առաջատարներ են, և ունակ են արդյունք ստեղծել, կառուցել ամուր կոլեկտիվ և արդյունավետ խաղ: Պետք չէ նաև մոռանալ, որ այս ֆուտբոլիստների համար սա երևի վերջին հնարավորությունն է` հաղթանակի հասնել հավաքականի մակարդակով, ինչին իրենք, կարծում եմ, արժանի են: Մոբիլիզացնելով և համակարգելով երիտասարդներին, այս ֆուտբոլիստները և մարզիչը կարող են հասնել բավականին լուրջ հաջողությունների: Այս ամենին գումարենք նաև այն հանգամանքը, որ Դեվիդ Սիմենի հեռանալուց հետո առաջին անգամ անգլիացիները չունեն դարպասապահի խնդիր: Ջո Հարթը փակել է այս հարցը, չնայած Ռոբերտ Գրինը նույնպես անհրաժեշտության դեպքում կարող է առանց խնդիրների փոխարինել նրան:


Թույլ կողմեր.
1. Քիչ առաջ նշեցինք մի քանի ֆուտբոլիստներ, որոնք կարող են հաջողություն բերել Անգլիայի հավաքականին: Այստեղ կա մի բայց: Ի՞նչ է լինելու այն դեպքում, երբ այս ֆուտբոլիստները վնասվածք ստանան: Այս խաղացողներից յուրաքանչյուրի կորուստը կբերի խաղային տվյալ օղակի կորստի: Առանց Տերիի Անգլիան չի ունենա պաշտպանություն, որի ամրությունը առանց այն էլ կասկածի տակ է Քեյհիլի վնասվածքից և Ֆերդինանտին հավաքական չհրավիրելուց հետո: Առանց Ջերարդի կիսապաշտպանությունը կմնա առանց ուղեղի, և չկա որևէ մեկը, որ կկարողանա ղեկը վերցնել իր ձեռքը: Վերջապես, հարձակման գծում, որը առանց այն էլ առաջին երկու խաղերն անցկացնելու է առանց Ռունիի, նույնպես չկա հուսալի մեկը: Անգլիայի առաջին խնդիրը առանձին ֆուտբոլիստներից կախվածության վերացումն է, որը Հոջսոնը կկարողանա անել միայն Եվրոյից հետո, իսկ մինչ այդ պետք է հուսալ, որ այս ֆուտբոլիստները ուղղակի վնասվածքներ չեն ստանա:


2. Ռոյ Հոջսոնը ժամանակ չունի թիմում ներդնելու իր տակտիկան: Բնականաբար, այս մի քանի շաբաթները բավարար չեն ստեղծելու տակտիկապես հզոր թիմ, որտեղ ամեն մեկը հստակ կպատկերացնի իր խնդիրը և կկարողանա քիչ թե շատ լուծել այն: Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ Հոջսոնը չի կարող շարունակել շարժվել թիմի նախկին տակտիկայով, քանի որ իտալացի մարզչի տակտիկական մոտեցումները էապես տարբերվում են ներկայիս մարզչի ֆուտբոլային պատկերացումներից: Ընկերական երկու խաղերն էլ ցույց տվեցին, որ ֆուտբոլիստների համար անորոշ է խաղային այն մոդելը, որով իրենք փորձելու են հաջողության հասնելո Եվրոյում: Այստեղ մնում է հուսալ, որ Անգլիան որպես թիմ կձևավորվի արդեն մրցաշարի ընթացքում, և շարունակաբար ավելացնելով կկարողանա փլեյ-օֆֆ հասնել որպես կայացած թիմ:


Հուսալ կարելի է և պետք է միշտ, սակայն հույսը իր մեջ վերոնշյալ խնդիրների լուծումը չունի: Մնում է միայն հետևել, թե այդ խնդիրները արդյո՞ք կկարողանան մարել հույսը անգլիացի երկրպագուների աչքերում...




0 comments:

Отправить комментарий