30 июн. 2012 г.

Սուպեր Մարիոն հասավ վիշապի մոտ


Նկարագրել այն ամենը, ինչ տեղի ունեցավ երեկ Լեհաստանի մայրաքաղաքում, ամենալավը կարող է այս լուսանկարը: Այն կդառնա ֆուտբոլային պատմության ամենաազդեցիկ պատկերներից մեկը, պատմություն, որը դեռ հանգուցալուծման է սպասում: Իտալացի սևամորթի մկանուտ մարմինը կարծես արտահայտում է աձուրիների ողջ հզորությունը, իսկ խորիմաստ հայացքը իր մեջ պատկերում է ոչ միայն նոր անկասելի սուպերհերոսի, այլ մի նոր, հիանալի թիմի հասունացումը, որը իրավամբ արժանի է լինելու մայրցամաքի չեմպիոնը:


Հերթական վեցամյակի եզրագծին.
Հավատացեք, իտալացիներին երկրպագելը իրոք մեծ երջանկություն է: Շտապում եմ այդ մասին ասել եզրափակիչից առաջ, որովհետև իմ չափաբաժինը արդեն ստացել եմ: Հետաքրքիր է, «իմ կենդանության օրոք» այդ չափաբաժինը ստանալու համար ամեն անգամ անհրաժեշտ է սպասել ճիշտ 6 տարի: Սկսած 1994-ից, Իտալիան ամեն 6 տարին մեկ հայտնվում է խոշոր մրցաշարերի եզրափակիչներում, և եթե 1994-ին և 2000-ին վերջում միշտ մի բան պակասում էր (մեկ Բաջջոյի ճշգրիտ հարվածը 11-մետրանոցից, մեկ էլ ընդամենը 60 վայրկյան մինչև եզրափակիչ սուլիչը), ապա վերջին փորձը միանշանակ հաջողված էր:


Սուպեր Մարիոն.
Այս ընդմիջումների ընթացքում շատ բան է փոխվում: Փոխվում է թիմի տակտիկան, խաղային տրամաբանությունը, մարզիչները, փոխվում են նաև հերոսները: Աստվածային պոչիկին, Պենտուրիկիոյին, Պիպպոգոլին և մյուսներին փոխարինելու է գալիս Սուպեր Մարիոն: Բալոտելլին վերջնականապես հաղթեց այս անվան համար պայքարը հենց երեկվա խաղում: Երկու թիմերի մեկնարկային կազմերում էլ հարձակման գծում խաղում էին Մարիոները, բայց հանդիպմանը մասնակցեց միայն մեկ Սուպեր Մարիո: Բալոտելլին իրականում հիանալի խաղաց: Այստեղ խոսքը միայն երկու հրաշալի գոլերի մասին չէ: Ինչպես ինքն է նշում, գոլ խփելը ընդամենը իր պարտականությունն է, ինչպես օրինակ փոստատարի պարտականությունն է նամակներ բերելը: Մարիոն ուղղակի կերպարանափոխվել էր նախորդ խաղերի համեմատ: Նա անչափ շատ էր աշխատում և չէր ալարում վազել ոչ մի գնդակի հետևից: Նա համարյա միշտ հայտնվում էր անհրաժեշտ տեղում, միշտ ընդունում էր գնդակը, միշտ վարպետորեն պահում էր այն ինչքան որ պետք է: Նա չէր խճճվում և չէր արգելակում հարմար դիրքերում գնդակը ստանալիս: Նա ակտիվ տեղաշարժվում էր նաև առանց գնդակի և լարվածության մեջ պահում ողջ գերմանական պաշտպանությունը:  Ավելի կարևոր մի բան` նա ըմբռնել էր իր թիմի տրամաբանությունը և գործում էր դրա շրջանակներում: Արդյունքը ուղղակի ապշեցուցիչ էր...


Աձուրիների կնքահայրը.
Իսկ արդյունքը այս, իրականում, պատկանում է Չեզարե Պրանդելլիին: Պրանդելլին գիտի ինչքան համբերել, և նրա համբերատարությունը պարգևատրվում է: Նա համբերատար սպասում էր Մարիոյի բենեֆիսին: Անգլիայի հետ խաղից հետո ոչ ոք չէր հասկանում, թե Պրանդելլին ինչպես հանդուրժեց Բալոտելլիի 120 րոպեանոց ներկայությունը դաշտում: Հիմա բոլորն են հասկանում: Նույն իրավիճակը Մոնտոլիվոյի դեպքում էր, ով դարձավ փառահեղ գոլային փոխանցման հեղինակ: Դժվար է հասկանալ նաև` ինչպես է Պրանդելլին համբերում 60-70 րոպե և նոր միայն պայքարի նետում չափազանց ակտիվ Դիամանտիին և Նոչերինոյին: Պրանդելլիի շատ որոշումներ այդպես էլ գաղտնիք կմնան մարդկանց համար: Այս մարզիչը բոլոր խաղերին թիմին դաշտ է դուրս հանել տարբեր տակտիկական դասավորվածությամբ, սակայն արդյունքը համարյա միանման էր: Հանճարեղ մարզիչ է անխոս, գիտի ինչպես աճեցնել..

Պիցցայի համով ֆուտբոլը.
Իտալիայի ցուցադրած ֆուտբոլը իրոք անակնկալ է բոլորի համար: Իտալացիները մատուցեցին ֆուտբոլը գունեղ և տաք պիցցայի տեսքով` պատված Պիրլոյի նրբահամ տոմատով: Ու թող տաք համերը ձեզ չշփոթեցնեն, ամեն դեպքում, սա ամբողջովին իտալական ֆուտբոլ է: Միայն իտալացիներն են զգում իրենց իրական առավելությունը մրցակցի նկատմամբ, երբ մենք ընդհանրապես դա չենք նկատում: Միայն իտալացիները անհրաժեշտ պահին կքաշվեն հետ և վարպետորեն կպաշտպանվեն ինչքան անհրաժեշտ լինի:  Միայն Իտալիայի հավաքականն է, որ կարող է այսքան աճել որպես թիմ 5 խաղի ընթացքում և պայքարել ոսկե մեդալների համար: Միայն Իտալիայի հավաքականն է, որ երբեք չի պարտվի` լինելով մրցակցից ավելի ուժեղ:

Խաղն այս հետաքրքիր է և արկածային, ինչպես մեր մանկության հայտնի համակարգչային խաղը: Այստեղ էլ Սուպեր Մարիոն անցավ երկար փորձությունների միջով և հասավ վիշապին, կարմիր վիշապին: Մենամարտը թեժ է լինելու և դիտարժան, իսկ ղեկավարման վահանակը, թերևս, Պրանդելլիի ձեռքերում է... Forza Italia!!!



0 comments:

Отправить комментарий