9 нояб. 2011 г.

Նորամուծությունները PES 2012-ում


PES 2012: Իմ կարծիքով Հայաստանում առավել տարածված ֆուտբոլային սիմուլյատորը, որին ամեն տարի աշնանը սպասում են անհամբերությամբ, և միշտ սպասում են ավելին: Չնայած խաղը պաշտոնապես թողարկվել է մոտ մեկ ամիս առաջ, և շատերդ արդեն հասցրել եք վայելել, ամեն դեպքում փորձեմ ներկայացնել նոր տարբերակում տեղ գտած նորամուծություններն ու փոփոխությունները: Ահա թե ինչ են առաջարկում մեզ ճապոնացիները առաջիկա մեկ տարվա համար.

Արհեստական ինտելեկտ (AI). Արհեստական ինտելեկտը զգալիորեն բարելավվել է խաղի բոլոր ասպեկտներում: Ինքս, խաղալով, զգացի, որ ոչ ակտիվ խաղացողները հիմնականում զգում են խաղի ընթացքը և աչքի ընկնում տրամաբանական գործողություններով: Խաղի հեղինակները նշում են, որ փորձել են հատկապես շեշտը դնել թիմային խաղի վրա, ինչը, կարծում եմ, հաջողվել է:

Խաղը բարելավվել է ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանությունում: Թիմային "համաձայնեցված" խաղի շնորհիվ հիմա ավելի ճշգրիտ փոխանցումներ են ստացվում, ավելի հեշտ է դարձել հարձակվողին հարմար փոխանցմամբ դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս բերելը: Մյուս կողմից էլ պաշտպանությունն է դարձել ավելի կազմակերպված: Պաշտպանությունում հատկապես ընդգծվում է դիրքային խաղը, իսկ անհատական պայքարը, որը նախկինում հաճախ էր հանդիպում, և որում մեծ մասամբ ավելի արագ հարձակվողը հաղթում էր պաշտպանին ու միայնակ հայտնվում դարպասապահի դիմաց, հիմա համարյա չի հանդիպում: Առաջին հայացքից հարձակման գծում և պաշտպանությունում այս բարելավումները կարող են միմյանց հակասական թվալ, բայց ոչ, այս պայմաններում ամեն ինչ ավելի արդար է, և հաղթում է նա, ով ավելի ուժեղ է:
Ավելի մանրամասն խոսելով պաշտպանության բարելավման մասին` ներկայացնեմ նոր ֆունկցիան: Այժմ պաշտպանության ժամանակ հարձակվողին դիմավորելիս, կարող եք սեղմել R2, որը թույլ կտա դառնալ դեմքով դեպի հարձակվողը և կանոնակարգված կերպով հետ քայլեր կատարել, մինչև որ ձեր պաշտպանի և հակառակորդի հարձակվողի միջև տարածությունը դառնա այնքան, որ հնարավոր լինի առաջ քայլ կատարել և X-ի միջոցով խլել գնդակը: Բացի այդ կարելի է R1-ով օգնության կանչել խաղընկերոջը, որը տվյալ դեպքում կղեկավարվի AI-ով:
(Teammate Control).Նոր ֆունկցիան, ըստ Konami-ի պաշտոնական տեղեկատվության, հնարավորություն կտա միաժամանակ ղեկավարել երկու խաղացողներով: Սա Konami-ի հիմնական նորամուծությունն է նոր սիմուլյատորում, և պետք է նշել, բավականին կարևոր նորամուծություն է: Օգտվել նրանից կարելի է միայն ջոյստիկով /հայերենը չգիտեմ :Ճ/ խաղալիս, քանի որ օգտագործվում է աջ անալոգային սեղմակը: Դրա միջոցով, թեքելով այն համապատասխան խաղացողի ուղղությամբ, կարելի է ղեկավարել նրան, հարմար դիրք գրավել կամ առաջ նետվել փոխանցում ստանալու համար: Այն շատ հարմար է նաև տուգանայինների ժամանակ, երբ կարելի է ընտրել, թե որ խաղացողին է պետք փոխանցել գնդակը:
Ավելի կարճ ներկայացնեմ մյուս նորամուծությունները և փոփոխությունները.
  • Խաղում ավելացվել է նոր ռեժիմ` "Ֆուտբոլային կյանք" (Football life): Այն փոխարինել է "Դարձիր լեգենդ" (Become a legend) և "Մաստեր լիգա" (Master liga) ռեժիմներին, բայց ունի նաև երրորդ հավելյալ ռեժիմը "Ակումբի ղեկավար" (Club Boss): Վերջին ռեժիմը թույլ կտա ծանոթանալ ակումբի ղեկավարման ֆինանսական կողմի հետ:
  • Չեմպիոնների լիգայի ռեժիմը ավելի նման է իր իսկական ոճին: Ավելացված է նոր մենյու:
  • Խաղացողների մոդելները ավելի լավ են երևում լայն էկրանի ռեժիմով  (widecam): Դետալիզացիայի նոր մակարդակը տալիս է լուսավորության նոր որակ` թե ցերեկը, և թե գիշերը:
  • Խաղացողների փոփոխումը /ոչ փոխարինումը/ ամբողջությամբ շտկված է: Կարելի է նաև ընտրել համապատասխան խաղացողին, որին ցանկանում ենք ակտիվացնել:
  • Մաստեր լիգան այժմ ավելի հետաքրքիր է դարձել, ինչպես նաև հիմա ավելի դժվար է խաղացող գնելը:
  • Հարվածները հիմա այնպես են, ինչպես հին տարբերակներում: Հարվածը կարգավորելու  լայն հնարավորությունը ավելի մեծ ազատություն է տալիս:
  • Գրաֆիկան առավել իրական է դարձել:
  • Նոր տեսախցիկը ուղղակի ֆենոմենալ է, նույնիսկ կարիք չկա փոփոխելու լայն էկրանի ռեժիմի: Այն թույլ է տալիս լավ տեսնել խաղադաշտը և շատ հարմար է:
  • Կարելի է տեսնել, թե ինչպես են մարզվում ֆուտբոլիստները դաշտի հարևանությամբ, ինչպես է մարզիչը ներվայնացած վազվզում պահեստայինների նստարանի հարևանությամբ, և ինչպես են լրագրողները տեղաշարժվում` հաջող կադր ֆիքսելու համար:
  • Խոտածածկը ավելի իրական է դարձել:
  • Որոշ մարզադաշտերի համար ավելացվել է նոր տեսախցիկ` առանձնահատուկ դիրքով:
  • Նոր անիմացիաներ հայտնի ֆուտբոլիստների համար:
  • Երկար փոխանցումները նախկիններին նման են թվում, բայց փոխանցումների ֆիզիկան փոխվել է, դա խաղալիս կզգացվի միայն:
  • Բարդության մակարդակները փոփոխվել են, հիմա հաղթանակները նախկինի նման հեշտ չեն տրվի:
  • Ավելի արագ խաղացողները կկարողանան փախչել պաշտպաններից: 
  • Դրիբլինգը բավականին փոխվել է նոր անիմացիայի հաշվին:
  • Լավացվել է խաղի ձայնի որակը:
  • Թիմի կազմի ղեկավարման մենյուի կառուցվածքը նույնպես փոխվել է: Այժմ կարելի է խաղից առաջ հեշտությամբ կարգավորել թիմի դասավորությունը խաղային տարբեր իրավիճակների համար:
  • Ֆուտբոլիստների վազքը լրիվությամբ փոփոխվել ու բարելավվել է:
  • Գնդակի ֆիզիկան նույնպես բարելավվել է, և հիմա կարելի է նկատել նաև, թե ինչպես է պտտվում գնդակը:
  • Դարպասի ցանցը նույնպես կարգավորվել է, թեկուզ և այնքան էլ կարևոր փոփոխություն չէ :Ճ
  • Եզրային նետումները և տուգանայինները նույնպես մշակվել են: Հաճելի է տեսնել, թե ինչպես է խաղացողը վերցնում գնդակը եզրայինը նետելու համար :Ճ
  • Խաղի արագությունը նման է PES 2011-ին, և ընտրության հնարավորությունը նույնպես առկա է:
  • Շատ կարևոր փոփոխություն` կարգավորվել է 11 մետրանոցները: Այն հիմա որոշակիորեն նման է հին համակարգին, և պատկերն կրկին խաղացողի հետևից է:
  • Մրցավարները այժմ ձեզ կարող են զգուշացում կատարել խաղային դրվագի ավարտից հետո` առանց կանգնեցնելու խաղը:
  • Ինչքան զգացի, ֆուտբոլիստները հիմա արդեն ամեն անգամ գնդակը օդում տեսնելիս չեն շտապի մկրատաձև հարված կատարել, ինչպես 2011-ում:
  • Դե, ամենահաճելի նորույթը չէ, բայց գրաֆիկայի տեսանկյունից պետք է նշել, որ այժմ կարող եք տեսնել նաև քրտինքի կաթիլները` ֆուտբոլիստների վրա :Ճ

Մի քանի բառ նաև խաղի թերությունների մասին: Ինչպես միշտ` PES-ի չլուծված խնդիրը մնում է անհասկանալի անիմացիան բախումների և գնդակը խլելու ժամանակ: Կրկին կարելի է ժամանակ առ ժամանակ նկատել, թե ինչպես է խաղացողներից մեկի մարմնի մի մասը մտնում մյուսի մարմնի մեջ :Ճ Բացի այդ, բազմաթիվ խաղային իրավիճակներում ելքը կանխորոշված է: Օդային պայքարը շարունակում է խաղի անորոշ ու անհեթեթ բաղադրիչ մնալ: Մյուս կարևոր, ու հնուց եկած թերությունը դարպասապահների վատ խաղն է: Եթե նկատել էիք, PES 2011-ում կարելի էր գոլ խփել անմիջապես գնդակը կենտրոնից խաղարկելուց հետո: Հիմա դա մի քիչ ավելի դժվար է, բայց դարպասապահների խաղը բոլորովին չի լավացել: Չնայած նշեցի, որ գնդակի ֆիզիկան բարելավվել է, բայց այն առայժմ հեռու է լավը համարվելուց: Մեծ թերություն է նաև մրցավարությունը, չնայած կարելի է ասել, այն այնպիսին է, ինչպես ժամանակակից ֆուտբոլը, այսինքն` ավելի իրական է :ՃՃՃ
Այս ամենը վայելելու և ինքներդ ամեն ինչում համոզվելու համար ձեր համակարգիչը պետք է ապահովի խաղի նվազագույն պահանջները`
  • Օպերացիոն համակարգը` Windows XP SP3, Vista SP2, 7
  • Պրոցեսոր` Intel Pentium IV 2.4 GHz կամ համարժեք
  • Օպերատիվ հիշողություն` 1Gb
  • DirectX 9.0c - Տեսաքարտի առկայություն` 128 MB Pixel Shader 3.0 (NVIDIA GeForce 6600 կամ AMD ATI Radeon x1300 տեսաքարտ)
PES 2012-ը ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ: Չնայած փոփոխությունները չի կարելի հեղափոխական համարել, բայց PES-ը իր բնույթով հաճելի խաղ է: Այն իր գրաֆիկայի, իր գեղեցիկ ու գրավիչ տեսարանների, մանրուքներ թվացող բաղադրիչների, դրա հետ մեկտեղ` խաղի դինամիկ բնույթի,  հատկապես հարձակման գծում արագ ու հիացմունք պատճառող գործողությունների հաշվին ստեղծում է շլացուցիչ աստղային ֆուտբոլի պատրանք, որի գլխավոր աստղը հենց դուք եք...



0 comments:

Отправить комментарий