14 мая 2011 г.

Campions La Liga 2010-11

Չգիտեմ, ուրբաթ-13-ի հետ էր կապված, թե ռեալիստների նավսն էր, երեկվանից Blogger-ը չէր աշխատում, որ վերջապես այստեղ էլ ողողեի կապտանռնագույն ցնծությամբ... 
Բայց սպասելն էլ անիմաստ չեղավ, քանզի այսօր երեկոյան Բարսան, չեմպիոն հռչակվելուց 2 օր անց, դուրս եկավ Բարսելոնայի փողոցներ` տոնելու երրորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը: "Campions" ավտոբուսը ավելի քան 1 ժամ ու կես պտտվեց կատալոնյան մայրաքաղաքի փողոցներով, ու ֆուտբոլիստները ողջունեցին ու շնորհակալություն հայտնեցին իրենց մոտ 350000 երկրպագուների:

Իսկական տոն էր, երաժշտությունը չէր դադարում. գարեջուր, պարեր, շարֆեր, դրոշներ, գլխարկներ, և նույնիսկ տեղական ոստիկանությունն էր միացել զվարճանքին:



Իսկ մինչ այդ արդեն Նոու Կամպը լեփ լեցուն սպասում էր իր հերոսներին: Չեմպիոնները հերթով հայտնվեցին մարզադաշտում, և սկսեցին տոնել հաղթանակը:


Առաջինը խոսեց Գուարդյոլան, ով շնորհակալություն հայտնեց իր ֆուտբոլիստներին` հավաստիացնելով, որ նրանք անփոխարինելի են: Այնուհետև գործի անցավ ավագը` շնորհակալություն հայտնելով երկրպագուներին և Բարսայի ղեկավարությանն ու մարզչական շտաբին: Դե իսկ հետո խոսեցին բոլորը` կրկին բազմաթիվ շնորհակալական խոսքերով և մայիսի 29-ին նույնանման հաղթական վերադարձի խոստումներով: Հետաքրքիր է, որ բոլորն ուզում էին գոնե մի քանի բառ կատալոներեն արտասանել, ու երբեմն իսկական պոպուրի էր ստացվում... Սա էլ Լեո Մեսսին.


Դե, մնում է մի կարգին տոնել, ու իհարկե երկինք նետել Պեպին.


Սա էլ մի փոքրիկ տեսանյութ այս ամենից.


Այսպես ցնծում էր Կատալոնիան, ու նրանց հետ միլիոնավոր մարդիկ, #campionfcb թեգը ուղղակի վառվում էր թվիթերում, ես էլ լուռ հետևում էի, ու ինձ ներքուստ լավ զգում, որ տարիներ առաջ, իմ դեռ մանկական ուղեղի թելադրանքով սկսեցի երկրպագել Բարսային, ու մինչ հիմա բազմաթիվ անգամներ համոզվել եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Որովհետև Բարսան հարգում է ֆուտբոլը, ձգտում է այն միշտ բարձր մակարդակի վրա պահել, փորձում է գեղեցիկ խաղալ ու հաճույք ստանալ: Սա բացառիկ արժեք է, որը միավորվելով հարգանքի, արժանապատվության, աշխատանքի, թիմային ոգու և կատալոնյան խարիզմայի հետ, վերածվել է մի յուրահատուկ գաղափարախոսության, որը դարձնում է Բարսան ավելին, քան ակումբն է..
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲԱՐՍԱ!!!

4 комментария: